Խնդրում եմ կայացնել արդարացման դատավճիռ եւ այդ դատավճռի մեջ անդրադարձ կատարել անձեռնմխելիությունը հաղթահարած չլինելու հանգամանքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, դատարանում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Ֆունդամենտալ կարեւորությունն ունի դատարանների անկախության երաշխավորման հարցը: Եթե կգտնեք, որ չի հաստատվում Հրայր Թովմասյանի կողմից այդ արարքը կատարած լինելու հանգամանքը, որը չի համապատասխանում որեւէ հոդվածի, խնդրում եմ անդրադառնալ նաեւ Հրայր Թովմասյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հանգամանքին, դատախազի կողմից հարուցված չլինելու հանգամանքին:
Միաժամանակ, խնդրում եմ անդրադառնալ վերջին միջնորդությանը, որը հետաձգվեց, որտեղ հստակ արձանագրել էինք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է օպերատիվ տվյալների հիման վրա ոչ այն անձի կողմից, ով դրա լիազորություն ուներ, ոչ այն ժամկետում, ոչ այն հոդվածով, որն իրավունք ունեին»,-ասաց Օրբելյանը:
Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:
0Comments