Թեհրանից Իրանի մայրաքաղաքի տեղափոխումը միանգամայն իրագործելի է, չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բավականին աշխատատար է և ֆինանսական միջոցներ է պահանջում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Սեյեդ Ռուհոլլահ Մուսավին։
«Մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը բավականին աշխատատար է, բարդ և հսկայական միջոցներ է պահանջում, բայց եթե տեղաշարժի համար տարածքի համապատասխան նախապատրաստում իրականացվի, ապա դա իրագործելի է»,- ILNA-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Մուսավին։ Նրա խոսքով, տրամաբանական կլիներ որոշ նախարարություններ տեղափոխել այնտեղ, որտեղ կենտրոնացած են մասնագիտացված ընկերություններն ու արտադրությունը, իսկ պողպատի արդյունաբերության օբյեկտները կարող են տեղակայվել ծովին ավելի մոտ, քանի որ դրանք մեծ քանակությամբ ջուր են պահանջում։
Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարեց Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
0Comments