Աշխարհում կան տաղանդավոր շատ մարդիկ: Եթե ուշադիր լինենք մեր շրջապատում ևս կտեսնենք այդպիսիններին: Մեկը տաղանդավոր երգիչ է, մյուսը տաղանդավոր դերասան, բանաստեղծ, քանդակագործ, լրագրող կամ նկարիչ:
Շատերի կարծիքով տաղանդը տրվում է ի ծնե, այսինքն, եթե որոշված է, որ դու երաժիշտ ես դառնալու, ուրեմն դու անպայման կդառնաս երաժիշտ: Այսինքն, տաղանդավոր չեն դառնում, տաղանդավոր ծնվում են:Սա առաջին կարծիքն է, միգուցե նաև հիմնավորված, չեմ կարող ասել: Սակայն կա նաև երկրորդ կարծիքը, որի կողմնակիցն եմ ես: Բոլոր մարդիկ ծնվում են միանման, իսկ տաղանդները հայտնվում են ժամանակի ընթացքում:
Պարզապես ես կարծում եմ, երբ մարդ մի բանի վրա կենտրոնանում է, երբ նրա սիրտը դրան է ձգտում, ապա որոշ ժամանակ անց նա հաջողությունների է հասնում և դա դիտարկվում է որպես տաղանդ: Նկատի ունեմ, երբ, անգրագետ երեխան մի օր տեսնի իր կողքի երեխանները ինչպես են սովորում և ստեղծագործում, իր մոտ էլ առաջանա սովորելու ձգտումը, տարիներ անց դառնա համաշխարհային ճանաչված գրող, ապա բոլորը կասեն, որ նա գրելու տաղանդ ուներ: Անկասկած դա այդպես է, բայց այդ տաղանդը ձեռք է բերվել:
Նույն այդ տղան հնարավոր է ոչ թե տեսներ սովորող երեխաների, այլ տեսներ շատ տաղանդավոր մի մարզիկի ու փորձեր ընդօրինակել նրան: Մարդուն բնորոշ գծերից մեկն այն է, որ նա կարող է «ճկուն փոփոխվել», այսինքն հարմարվել տարբեր միջավայրերի և պայմանների և իր վրա վերցնել դրանց ազդեցությունը: Եթե մարդուն երկար ժամանակ պահես ջունգլիներում, նա «գազան» կդառնա: Եթե մարդը ծնվի երաժիշտների ընտանիքում և անընդհատ իր վրա վերցնի շրջապատի այդ ազդեցությունը, ավելի հավանական է, որ նա երաժիշտ կդառնա:
Միգուցե նաև չդառնա, այլ դառնա տաղանդավոր ճարտարապետ, բայց դա չի նշանակում, որ նա ծնված օրվանից է ճարտարապետ, կամ նրա ուղեղն այդպես է կառուցված: Ոչ, ուղղակի կյանքի ընթացքում նրա մոտ նման հակումներ են առաջացել և նա այդ ուղղությամբ է շարժվել:Եթե ես հավատայի, որ տաղանդը տրվում է ի ծնե, ես շատ բաներից կհիասթափվեի, որովհետև դա կնշանակեր, որ կլինեն մարդիկ, ովքեր ինչ էլ ուզում է անեն, երբեք ինչ-որ բանում տաղանդավոր չեն դառնա: Բայց ես համոզված եմ, որ նման մարդիկ չկան: Յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ տաղանդավոր ինչ-որ բանում, որովհետև յուրաքանչյուր մարդ «թաքնված» տաղանդ է:
0Comments