Կրկնվում է Առաջին Հանրապետության անկման պատմությունը, անգամ դրվագներն են նույնը․ Մեսրոբյան, Տեսանյութ

Մանրամասներ
հ

Զիջումները հիմա չեն սկսվել, հայությունը գետնի վրա զիջումներ անում է դեռևս 19-րդ դարավերջից։ Առաջին մեծ զիջումը տեղի ունեցավ ութ դար առաջ, երբ կորցրինք պետականությունը, բայց 19-րդ դարավերջին սկսվեցին իրական զիջումները։

Այդպես զիջեցինք Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի մեծ մասը։ Հիմա զիջում ենք Արևելյան Հայաստանի մնացորդները, 2023-ին Արցախի անկումը՝ վառ օրինակ։ Այսինքն՝ սա նորմալ է արդեն այս վիճակի հայության վարվելակերպի հաշվառմամբ։ Մեր ժողովուրդը, ունենալով քիչ քանակի արտառոց դեմքեր, ընտիր մարդկանց, ընդհանուր զանգվածով զիջում է ամեն ինչ։ Խոսքը ոչ միայն տարածքային, այլև բարոյական, մտավոր և մյուս բոլոր ասպարեզներում զիջումների մասին է։ Բնական է, որ դա մարմնավորվում է գետնի վրա տարածքների զիջումով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«Երբ 1907 թվականին երիտթուրքերը Փարիզում համաժողով արին, նրանց սատարող և պաշտպանող ուժերից մեկը հայերն էին։ 1908-ին նրանք գալիս են իշխանության, շատ հայեր ծափահարում են, որովհետև նրանց ասոցացնում են ազատության հետ։ Ի վերջո, նրանք Արևմուտքում կրթություն ստացած մարդիկ էին։ 1909-ին տեղի է ունենում Ադանայի ջարդը, արձագանքը կիսատ-պռատ էր, ևս վեց տարի անց սկսվում է Ցեղասպանությունը։ Գրիգոր Զոհրապի օրինակը հիշենք։ Զիջելու ենք այնքան, մինչև ֆիզիկապես վերանա՞նք։ Շատ է տարածված այն, թե մենք ցեղասպանություն ապրեցինք, որովհետև պետություն չունեինք, բայց պետք է ֆորմալ մասից անցնել առարկայական մասին։ Մենք ինչպե՞ս զրկվեցինք Անի քաղաքից, պետություն չունեի՞նք, ունեի՛նք»,- ասաց հասարակական գործիչը:

«Ավելի խորքեր գնանք՝ 3-4-րդ դարեր, պետություններ ունեինք, բայց զրկվում էինք։ Պետություն չունենալը, այո՛, լուրջ գործոն է, բայց որոշիչ չէ։ Օսմանյան Կայսրությունում, մինչ այդ՝ Բյուզանդիայում, հայերը բոլոր ասպարեզներում ունեին տարբեր նշանակության դերակատարություն։ Ինչպե՞ս եղավ, որ Օսմանյան Կայսրությունում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական, հայերը որոշակի և տեսանելի դերակատարություն ունեցան, բայց մեր մտավորականությունը բաց թողեց ցեղասպանությունը։ Պետք է այս գործընթացը հասկանալ տեխնիկապես։ Ընդունելով այն, որ պետություն չունեինք, ընդունելի չէ դրա էությունը, բովանդակությունը։ Մենք ենք մեղավոր, և մեզ ոչնչացնող ամենահիմնարար գործոնն ուրիշ ուժերի, անձերի, պետությունների վրա մեղքը բարդելն է։ Ցանկն էլ է ստանդարտ»,- նշեց փորձագետը:

Հասարակական գործչի պնդմամբ՝ ռուսների, թուրքերի, ֆրանսիացիների, ամերիկացիների երկրպագուների մեծ խմբեր կան, կան նաև նրանց դեմ խմբեր, բայց գրեթե չի լսվում առողջ ինքնաքննադատությունը. «Այն պահից, երբ քաղաքական դաշտում տարբեր գործիչներից, առավել ևս՝ ընդդիմադիր, կլսենք ինքնաքննադատություն նախ՝ իրենց անձերի, ապա՝ ազգի նկատմամբ կատարած սխալների մասին, երաշխավորված է, որ հայությունը ոտքի կկանգնի ու կսկսի հաղթել։ Քանի դեռ նվնվոց է, թե սա կամ նա է մեղավոր, իսկ մենք մեղավոր չենք, քանի որ խեղճուկրակ ժողովուրդ ենք, նշանակում է՝ մենք ինքներս փորում ենք մեր գերեզմանը։ Կարսի անկումն ուսումնասիրելիս սարսափահար ես լինում, քանի որ դրա մեղավորներն այն մարդիկ են, որոնք մեծ դերակատարում ունեին Սարդարապատում, և դա զարմանալի է»:

«Վերցնենք Առաջին Հանրապետության 1918-20 թվականների ընթացքը, տասն անգամ ավելի արագ պտտենք ժապավենը, և ճիշտ փուլերով կտեսնենք Երրորդ Հանրապետության ճակատագիրը։ Մեզ մոտ ևս սկսվեց հաղթանակով և ավարտվեց պարտությամբ։ Անգամ դրվագներն են համընկնում։ Թուրքիան 1920-ի սեպտեմբերին է հայտարարում պատերազմ, Ադրբեջանը՝ 2020-ի սեպտեմբերին։ Անգամ այս պարագաներն են համընկնում, դա աբսուրդ է։ 1908-ին շատ հայեր խանդավառվել էին երիտթուրքերով, որ վերջապես բիրտ, գավառամիտ, արևելյան հոգեբանությամբ Աբդուլ Համիդի փոխարեն՝ գալիս է լիբերալ, դեմոկրատ արժեքներ կրող ուժ՝ երիտթուրքերը։ Հարյուր տարի անց՝ 2008-ին, արվեց հեղաշրջման առաջին փորձը, ևս տասը տարի անց այդ հեղաշրջումը հաջողվեց»,- ամփոփեց Հարություն Մեսրոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում