Աշխարհի լավագույն լողափ է ճանաչվել Baia do Sancho լողափը, որը գտնվում է բրազիլական Ֆեռնանդո-դե-Նորոնյա ոչ մեծ կղզու վրա: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
TripAdvisor ծառայությունն ամեն տարի վերլուծում է տասներկու ամսվա ընթացքում ճանապարհորդների արձագանքների թվաքանակն ու վարկանիշները եւ կազմում աշխարհի ամենագեղեցիկ լողափերի ցուցակը:
Ֆեռնանդո-դե-Նորոնյա կղզու Baia do Sancho լողափն աշխարհում լավագույնն էր ճանաչվել 2021 թվականին, բայց 2022-ին այն իջել էր երկրորդ տեղ:
Այժմ նա վերականգնել է իր կարգավիճակը եւ «Ճանապարհորդների ընտրություն-22» ցուցակում զբաղեցրել ամենաբարձր հորիզոնականը: Ճանապարհորդներից մեկն այդ վայրը որակել է դրախտ, հավելելով. «Դա այն է, ինչը ես երբե՛ք չեմ մոռանա: Այնքան գեղեցիկ եւ արտասովոր վայր է, որ հնարավոր չէ բառերով նկարագրել այդ գեղեցկությունը: Մոգական է»:
Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է՝ Varadero լողափը, որը ամենահայտնիներից մեկն է Կուբայում:
Լողափը գտնվում էաղմկոտ առողջարանային քաղաքի ծայրամասում: Հյուրանոցների մեծամասնությունը 1920-ական թվականներին ծովափին կառուցվել է ամերիկացի հայտնիների, այդ թվում եւ գանգստերների կողմից:
Ցուցակի երրորդ տեղում է՝ Eagle Beach-ը, այն գտնվում է Արուբա կղզու վրա: Լողափն անձեռնմխելի մնացած բնության մի անկյուն է, այնտեղ կարելի է տեսնել ծովային կրիաներ, Ֆոֆոտի ծռմռված ծառեր (սա կղզու խորհրդանիշն է) կամ զբաղվել սպորտի տարբեր ձեւերով:
Եվրոպայում ամենագեղեցիկը ճանաչվել է բաց գույնի ավազով La Concha լողափը, որը գտնվում է իսպանական Սան-Սեբաստյանում:
Երկրորդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայում լավագույնն է դարձել Bournemouth լողափը, ԱՄՆ-ի թիվ մեկ լողափը Clearwater Beach-ն է՝ Ֆլորիդայում, իսկ Manly Beach-ը լավագույնն է համարվում Ավստրալիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments