32-ամյա Լիանան ՌԴ-ից եկել էր քթի վիրահատության, նարկոզից դուրս չեկավ. ինչ են պարզաբանում ԱրթՄեդում

Մանրամասներ
բ

Հուլիսի 5-ին Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուն՝ 32-ամյա Լիանա Ս-ն մահացել է։

Նա Հայաստան էր եկել ՌԴ-ից՝ վիրահատվելու համար:
«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել  «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի հետ։ Վերջինս նշել է, որ հիվանդը վիրահատվել է իրենց վիրաբույժներից մեկի մոտ, ով բավականին փորձառու մասնագետ է։ 

Արայիկ Ղարիբյանը նաև ընգծել է, որ վիրահատական խնդիր չկա, բժիշկների սխալ չի եղել։

«Կա, այսպես կոչված,  մի ախտորոշում, որը կոչվում է չարորակ հիպերթերմիա, չարորակ ջերմություն, որի դեպքում  մարդու ջերմաստիճանը՝ բժշկական որոշակի հանգամանքների ու միջամտությունների դեպքում կտրուկ  բարձրանում է․ այս կնոջ դեպքում նարկոզից դուրս գալու պահին ջերմությունը միանգամից բարձրացել է 42-43 աստիճան։

Նման դեպքերում աշխարհում մահացածության ցուցանիշը բավականին բարձր է, կա միայն մեկ դեղորայք, որը կարող է օգնել, սակայն 80 տոկոս դեպքերում էլի մահն անխուսափելի է։

Մենք նույնիսկ այդ դեղն ենք ներարկել, պրոտոկոլով ամեն ինչ ճիշտ կատարվել է, այդ հիվանդությունը ամբողջ աշխարհում 50 հազարից մեկի մոտ կարող է հանդիպել՝ գենի քրոմոսոմի հիվանդություն է՝ չարորակ հիպերթերմիա, այսպես ասած՝ չարորակ գերջերմություն»,-ասել է բժիշկ Ղարիբյանը։