Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և գործով անցնող այլ անձանց վերաբերյալ դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ ըստ իրավապահների՝ 1997-2011թթ. Վլադիմիր Գասպարյանը Ռազմական ոստիկանության վարչության պետի, ապա՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն՝ այլ աշխատանքով զբաղվել:
Նրանց գնահատմամբ, այդ ապօրինի ծառայությունների դիմաց զինծառայողները պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 միլիոն դրամ աշխատավարձ:
Գասպարյանը մեղադրվում է նաև 2011-2018թթ. Ոստիկանության պետի պաշտոնում Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն և 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով Ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին հատկացնելու համար:
Այսօր դատարանի վճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, սակայն քրեական պատասխանատվությունից ազատվեց այդ հանցագործության համար վաղեմության ժամկետների լրանալու հիմքով:
Եվս երկու դրվագով նախկին ոստիկանապետի համար պատիժ սահմանվեց՝ ազատազրկում 5-ական տարի ժամկետով, բայց հաշվարկի արդյունքում՝ պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ սահմանվեց 6 տարի ազատազրկումը, որը, սակայն, Վլադիմիր Գասպարյանը չի կրի՝ համաներում կիրառելու հիմքով պատժից ազատ արձակվելու հանգամանքով պայմանավորված:
Ոստիկանության նախկին պետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որպես դատական ծախս՝ Վլադիմիր Գասպարյանը կվճարի 200.000 դրամ գումար:
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ևս մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, սակայն նույնպես ազատ արձակվեց՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով: Մեկ այլ դրվագով էլ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց արդեն իսկ 5 տարի ժամկետով ազատազրկման չափով, սակայն կրկին համաներմամբ ազատ արձակվեց:
Նկատենք, որ թե՛ Վլադիմիր Գասպարյանը, թե՛ Լևոն Երանոսյանը դատարանում իրենց մեղքը չեն ընդունել:
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments