«Փաստ»-ը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ հանրային դիսկուրսի ամենաշրջանառվող թոփ-թեմաներից գլխավորը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամի շուրջ ծագած աղմուկն էր, որը հանրությունը քննարկեց ողջ մանրամասնությամբ:
Ի վերջո, հրապարակվեց նաև նվիրատուների ցուցակը, որտեղ կային նաև դպրոցներ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ դպրոցների և ընդհանրապես կրթական հաստատությունների նվիրատվությունների գործում առանցքային դերակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրամին կատարվող նվիրատվություններին, ինչը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել:
Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդորել է Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների կրթության վարչությունների պետերին, որ դպրոցների տնօրեններին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղեկատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա»,-գրում է թերթը:
0Comments