Պարզվում են Դիլիջան քաղաքում կատարված սպանության և ինքնասպանության դեպքի հանգամանքները

Մանրամասներ
սպանություն

Ոստիկանությունը 2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն է՝ ծնված 1987թ., «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:51-ին, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ հատակին, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դին՝ գլխի աջակողմյան շրջանում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ, կրակված պարկուճներ, գնդակ։ Սեղանին հայտնաբերվել է թղթապանակ, որում առկա է եղել 32-ամյա տղամարդու անվամբ թողնված ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ:

Բացի այդ. վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. ապրիլի 3-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը մտել է խանութ սրահ և, մոտենալով սպասարկման համար նախատեսված սեղանին, որի մյուս կողմում գտնվել են խանութ սրահի մենեջերը և հիշյալ աշխատակցուհին, լիցքավորել է իր մոտ առկա «Մակարով» տեսակի ատրճանակը և այն ուղղել դեպի կնոջ քույրը։ Ապա, ընտանեկան խնդիրների որոշ հանգամանքների մասին խոսելով, դիմահար կրակել է վերջինիս գլխին, որից անմիջապես հետո ատրճանակն ուղղել է իր գլխի աջ հատվածին և կրակելու եղանակով ինքնասպան եղել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: