Գերմանիան պատրաստության վիճակի է բերում բոլոր Taurus հրթիռները

Մանրամասներ
Taurus հրթիռ

Գերմանիայի կառավարությունը որոշել է արդիականացնել և ծառայության վերադարձնել Taurus հեռահար թևավոր հրթիռները, որոնք գտնվում են երկրի զինված ուժերի (Բունդեսվեր) զինանոցում: Այս մասին գրում է Die Welt թերթի կայքը՝ հավելելով, որ մարտի 12-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը այս ծրագրերի մասին Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովին տեղեկացրել է նիստի գաղտնի մասի ժամանակ։

Գերմանիայի զինված ուժերի զինանոցում կա MBDA-ի կողմից արտադրված մոտ 600 Taurus, ճշգրիտ թիվը գաղտնի է։ Սակայն 2018 թվականին կատարված տեխնիկական բարելավումներից հետո դրանցից միայն կեսն է համարվում այս պահին գործող, իսկ մնացածի սերտիֆիկացման ժամկետը լրացել է։ Այժմ բոլոր հրթիռները պետք է ամբողջական ստուգում անցնեն, իսկ այն հրթիռները, որոնց սերտիֆիկացման ժամկետը լրացել է, կուղարկվեն հիմնանորոգման։

Մարտի 14-ին Բունդեսթագը քվեարկություն կանցկացնի Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես դեմ է Taurus հրթիռներ Կիևին մատակարարելու գաղափարին՝ հիմնավորելով այն փաստով, որ եթե Taurus-ը «սխալ կիրառվի», ապա հրթիռը կարող է «թիրախ խոցել ինչ-որ տեղ Մոսկվայում»։