«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․
«Գրեթե կասկած չունեմ, որ այսօրվա մեր հասարակությանը միավորող ու մոտիվացնող գաղափարը պետք է դառնա իրական պետականաշինության գործընթացը՝ հիմքում ունենալով ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման փիլիսոփայությունը․․․
Դատելով ընթացող քաղաքական գործընթացների տրամաբանությունից՝ արդեն իսկ պարզ է, որ առաջիկա ժամանակաշրջանում նոր սահմանադրության ընդունման գործընթացը միս ու արյուն է ստանալու, եթե, իհարկե, Ալիևը տարածաշրջանում այլ խաղացողների շահագրգռվածությամբ նոր օրակարգ գեներացնելու ավանտյուրա չպլանավորի։
Առաջիկայում մենք մեր խնդիրն ենք համարելու առավել ինտենսիվորեն խոսել սահմանադրական իրավունքից՝ համոզմունքով, որ այն իրական պայմաններ պետք է ստեղծի քաղաքացիական հաշտության ու համաձայնության համար, որն այսօր մեզ այդքան անհրաժեշտ է։
Մեր երկրում պետք է գերակայի սահմանադրականության գաղափարաբանությունը, և մենք պետք է մեր երկրի զարգացման հունը ապահովենք բացառապես սահմանադրական կարգով, որի վրա պետք է հիմնված լինի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կառուցման գործընթացը։
Պետության ու ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատիվ կենսակերպի ապահովումը հնարավոր կլինի միայն սահմանադրականության փիլիսոփայության հաղթանակով․․․
Հայաստանում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և որևէ արտոնյալ խավ ու շերտ չպետք է խուսափի օրենքի առաջ պատասխանատվությունից․․․
Պետության քայքայումն ու կոռոզիան սկսվում է պատասխանատվության ինստիտուտի բացակայությամբ ու օրենքների չգործելու հետևանքով․․․»։
0Comments