Կին լինելն էժան հաճույք չէ․ Որքան գումար է ծախսում միջին վիճակագրական հայուհին մայրաքաղաքի գեղեցկության սրահներում

Մանրամասներ
հայ սիրուն աղջիկ կին

Կնոջ գրավչությունն առաջին հերթին կախված է խնամված տեսքից: Խնամված կինը միշտ էլ առանձնանում է ամբոխից: Խնամված մազերը,ձեռքերը, դեմքը ցանկացած զենքն են: Իհարկե, բնությունն ու գեները կարեւոր դեր են կատարում, սակայն ծաղիկը որքան էլ գեղեցիկ լինի, մանրակրկիտ եւ մշտական խնամք է պահանջում: Ժամանակի ու համբերության հետ մեկտեղ, խնամքը շատ միջոցներ է պահանջում:

Մենք փորձել ենք հաշվել, թե միջին վիճակագրական հայուհին մայրաքաղաքի գեղեցկության սրահներում ամսական որքան գումար է  ծախսում:

Եվ այսպես, խնամքի հիմնական, կարելի է ասել՝ պարտադիր փաթեթի մեջ են մտնում հետեւյալ գործողությունները. մազերը կտրելն ու հարդարելը, անհրաժեշտության դեպքում՝ ներկելը, մատնահարդարումը, պեդիկյուրը, հոնքերի շտկումը, մազահեռացումը: Հատկապես այս ծառայություններն են հայուհիների մոտ առավել մեծ պահանջարկ վայելում:

Հաշվի առնելով երեւանյան սրահների գնացուցակը (խոսքը միջին կարգի սրահների մասին է)՝ խնամքի ամսական փաթեթը կարժենա 40.000-45.000 դրամ: Այս գումարը ներառում է ամսական երկու անգամ դասական մատնահարդարումը, մեկ անգամ մազերը կտրելը, հարդարելն ու ներկելը, մեկ անգամ պեդիկյուր, երկու անգամ հոնքերի շտկում եւ մեղրամոմով ձեռքերի ու ոտքերի մազահեռացում:

Հարկ է նշել, որ եթե կինը լազերային կամ ֆոտոէպիլացիա է նախընտրում, ապա այս հաճույքն ավելի թանկ կարժենա: Եթե անցանկալի մազերից մեղրամոմով ազատվելն արժե 10.000-15.000 դրամ (ձեռքերն ու ոտքերը), ապա վերոնշյալ ծառայությունները 2-ից 3 անգամ ավելի թանկ են: Հարցումների արդյունքներով, մեծ տարածում է վայելում նաեւ հոնքերի դաջվածքը (սկսած 20.000 դրամից), ինչը պարբերաբար շտկելն արժե 8.000-10.000 դրամ:

Նշենք, որ կոսմետոլոգի ծառայություններից հայուհիները հաճախ խուսափում են՝ նախընտրելով իրենց թերությունները քողարկել տոնային կրեմի հաստ շերտով: Բայց հենց առողջ, գեղեցիկ եւ խնամված մաշկն է կնոջը գրավիչ դարձնում:

Իրեն հարգող յուրաքանչյուր կին պետք է ամիսը գոնե մեկ անգամ կոսմետոլոգին այցելելու ժամանակ գտնի: Գեղեցկության ծառայությունների տեղական շուկան դեմքի մաշկի խնամքի լայն հնարավրություններ է առաջարկում:

Մասնավորապես, դեմքի մաքրումն արժե 8.000-10.000 դրամ, էքսպրես-խնամք, ներառյալ դիմակ եւ պիլինգ` 5.000-15.000 դրամ: Բացի այդ, չի կարելի անտեսել նաեւ դեմքի եւ վզի մերսումը, որն արժե 2.000-5000 դրամ:

Anti-age խնամքն ավելի թանկ կարժենա, ամեն ինչ կախված է գործողության եւ կոսմետիկ միջոցների ընտրությունից, որոնք օգտագործվում են այս խնամքի դեպքում: Այդ ծառայությունը միջինն արժե 10.000-25.000 դրամ, դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ արդյունքը կախված է կուրսի տեւողությունից:

Զգալի արդյունքի համար պետք է 10 կամ անգամ օգտվել այդ ծառայությունից:

Վերջին շրջանում մեծ տարածում են վայելում նաեւ ֆիլերները, ընդ որում՝ ոչ թե կնճիռներից ազատվելու, այլ շրթունքները մեծացնելու նպատակով:

Կոսմետոլոգների պնդմամբ, այդ իսկական հիվանդություն է դարձել հայ աղջիկների ու կանանց համար, ովքեր չեն դադարում կատարյալի հետեւից վազել: «Որոշ հաճախորդներ պարզապես անհագ են, ավելի ու ավելի են պահանջում», - ասում է կոսմետոլոգ Հասմիկը: Եվ այդ այն դեպքում, երբ գեղեցկության մեկ «ներարկումն» արժե 120.000-150.000 դրամ եւ գործողությունը պետք է կրկնել 6 ամիսը մեկ անգամ:

Ինչ վերաբերում է հակացելյուլիտային մերսումներին եւ այլ գործողություններին. այս հաճույքը նույնպես էժաններից չէ: Մերսումների կուրսը (10-15 անգամ) արժե 80.000-ից մինչեւ 150.000 դրամ:

Ի՞նչ կարող ես անել, կին լինելն էժան հաճույք չէ: Սակայն գեղեցկությունը զոհեր է պահանջում եւ յուրաքանչյուր կին անկրկնելի տեսք ունենալու համար պատրաստ է ամեն ինչի: