Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր Հայաստանի կառավարության և հայկական լոբբիստական խմբերի պատվերով ապատեղեկատվության և շահարկումների նոր արշավ է սկսվել:
Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Ալիևի օգնականն անգամ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին մեղադրել է ՀՀ կառավարությունից գումար վերցնելու համար:
«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (Անդերս ֆոգ Ռասմուսեն) չի հերքում, որ ՀՀ կառավարությունն իրեն վճարում է քարոզչական արշավի համար։
Կցված է եկամտի մասին հաշվետվության պատճենը:
Որոշ քաղաքական գործիչներ կեղծավորությամբ աշխարհը բաժանում են «լավ և վատ անջատողականների ու հանցագործների»։
Հին սովորություններից դժվար է ձերբազատվել», - գրել է Հաջիևը:
Բացի այդ, իր գրառման մեջ նա անդրադարձել է նաև բրիտանական BBC-ին. «Մտահոգիչ է այն, որ BBC-ն իր կանոնադրության մեջ նշում է, որ «իր բոլոր հաղորդումներում ձգտում է հասնել պատշաճ անկողմնակալության»։
Սակայն, ըստ Ալիևի օգնականի, «BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ մանիպուլյացիայով և ստի քարոզչությամբ»։
«BBC-ն պետք է հարթակ ծառայի բոլոր կարծիքների համար, հատկապես զգայուն թեմաների շուրջ», - գրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:
0Comments