Ցորենի գինը Չիկագոյի բորսայում 3%-ով բարձրացել է «հացահատիկի գործարքի» չերկարաձգման մասին Կրեմլի հայտարարությունից հետո

Մանրամասներ

Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսի արժեքը սակարկությունների ընթացքում ավելի քան 3%-ով աճել է:

Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց «հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվելու մասին։

Բորսայի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 13:01-ի դրությամբ`ցորենի գներն աճել են 3,02%-ով՝ մեկ բուշելի (35,2 լիտր) դիմաց մինչև 6,82 դոլար: Երևանի ժամանակով ժամը 13:14-ին ցորենի ֆյուչերսը թանկացել է 3,37%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,84 դոլարի։ Միևնույն ժամանակ, եգիպտացորենի` 2023 թվականի դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքն աճել է 2,31%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչև 5,26 դոլարի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է գործարքից, քանի որ սևծովյան պայմանավորվածություններում Ռուսաստանին վերաբերող մասը չի իրականացվել։