Արագածոտնի մարզում բախվել են VAZ 2106-ը և VAZ 2107-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր

Մանրամասներ

Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հունիսի 11-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի սկզբնամասում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ժիրայր Թ․-ի վարած VAZ 2106 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Գառնիկ․ Ղ-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժիրայր Թ․-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Անի Ս․-ն, 1-ամյա Սաթեն Թ․-ն և VAZ 2107-ի վարորդ Գառնիկ Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Արշակ Ս․-ն, 19-ամյա Սլավիկ Հ․-ն և 19-ամյա Արամ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Հայկ Ս․-ն «Էջմիածին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մատիրոսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև օպերատիվորեն ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը։