Ակցիզային հարկով հարկվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը կվերանայվեն. նախագիծ

Մանրամասներ

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը կվերանայվեն: Այդ մասին «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացնելիս տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Փոխնախարարը նախ թեմային առնչվող պատմական ակնարկ արեց՝ հիշեցնելով, որ 2019-ին օրենսդրական փոփոխություններով ՀՀ-ում կիրառությունից հանվել էին արժեքային հիմքով կամ տոկոսային արտահայտությամբ ակցիզային հարկերի դրույքաչափերը: Հիմնավորումն այն էր, որ մեկ այլ սպառման հարկ՝ ավելացված արժեքի հարկը, արդեն իսկ արժեքային հիմքով կիրառվում է, և միջազգային լավագույն փորձը հուշում է, որ ակցիզային հարկը պետք է կիրառել հաստատուն տրամաբանությամբ: Արդեն 2020-ից ներդրվեցին ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր, որդեգրվեց այն աստիճանաբար բարձրացնելու քաղաքականություն:   

«Օբյեկտիվորեն ապրանքների գները աճի միտում ունեն, և խնդիր կա ապրանքների գների կառուցվածքում պահպանել ակցիզային հարկի տեսակարար կշիռը: Այս տրամաբանությամբ` ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը նախորդ 3 տարիներին շարունակաբար բարձրացվել են 15 տոկոսի դրույքաչափով, իսկ թունդ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ օղիների և սպիրտների պարագայում, ակցիզային հարկերի դրույքաչափերը նախորդ 3 տարիներին շարունակաբար բարձրացվել են 30 տոկոս դրույքաչափով: Ինչ վերաբերում է ակցիզային հարկով հարկվող այլ ապրանքներին, նրանց համար ներդրվել է 3 տոկոս գնաճով ճշգրտման հնարավորություն»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը հավելեց, որ այս անգամ առաջարկվում է այն սահմանել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար կրկին սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր:

«Առաջարկն այն է, որ ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվեն տարեկան ևս 10 տոկոս դրույքաչափով շարունակաբար, թունդ ալկոհոլային խմիչքների համար՝ կրկին 10 տոկոս դրույքաչափով, մնացյալ ապրանքների համար՝ 3 տոկոսի փոխարեն 8 տոկոս ճշգրտման գործակցով»,- ասաց փոխնախարարը, ապա ընդգծեց, որ վերջին շրջանի դիտարկումները ցույց են տալիս, որ միջինում գնաճը ավելի է 3 տոկոսից, և այդ առումով Հայաստանը հետ է ընկել ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման տեմպից, այսինքն՝ այս ժամանակահատվածում ապրանքների գներն աճել են ավելի առաջանցիկ տեմպերով, քան ակցիզային հարկի դրույքաչափերը: