44-օրյա պատերազմից հետո շարունակական ճնշումները, սադրանքները Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվում են, և դրա վառ ապացույցը այն փաստաթուղթն էր, որը մենք դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում արտահերթ նիստով քննարկում էինք։ Այս մասին լրարողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից օրեր առաջ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու դեպքին, Օհանյանը նշեց, որ նմանատիպ սադրանքները լինելու են նաև հետագայում։
«Կուլ գնալ խաղաղության կեղծ օրակարգին, հենց այնպես համաձայնվել նրանց թելադրանքներին, միակողմանի փոխզիջումների գնալ և այլն, այս բոլորը բերելու են Ադրբեջանի կողմից տարբեր սադրանքների։ Արցախի իշխանությունները հույս չեն կարող կապել ՀՀ իշխանությունների հետ, պետք է համապատասխան աշխատանքներ տանեն ռուս խաղաղապահների հետ, նրանց հետ համագործակցության եզրերը հստակեցնեն, որովհետև առանց նրանց անհնար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը սահմանին սադրանքների է դիմում ոչ թե «Դիմադրություն» շարժման, այլ սահմանի չկահավորված լինելու պատճառով։
Անդրադառնալով Դատախազության կողմից իրեն պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին տեղեկություններին, Օհանյանը ասաց․
«Այդ հարցը պետք է տալ Դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը, եթե այդպիսի գործընթաց կա, պետք է տեղյակ պահել պատգամավորին, ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ Ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում, մանդատը ինձ համար մեր ժողովրդին ծառայելն է, եթե նման գործընթաց կա, թող սկսեն։ ԱԺ ղեկավարը պետք է կարողանա նաև պահպանել պատգամավորի շահերը, իմ՝ որպես պատգամավորի շահերը մինչև վերջ չի պահպանվել, հանդիսանալով ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ՝ ինձ երբևէ թույլ չեն տվել մասնակցել այդ կոմիտեների աշխատանքներին»։
0Comments