ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մոբիլիզացիա հայտարարելուց հետ ՌԴ տարբեր մարզերից Հայաստան եկողների մեծ հոսք կա, ընդ որում՝ գալիս են թե ռուսներ, թե հայեր։ Կրասնոդարում էլ պատկերը նույնն է։
Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի տնօրեն Երազիկ Հարությունյանը
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Կրասնոդարից հայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան, հատկապես երիտասարդների շրջանում. «Կոնկրետ իմ աշակերտներից արդեն 4-5 հոգի վերադարձել են Հայաստան, ծրագրում են ընդհանրապես մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Հիմա աշխատանքի որոնումների մեջ են: Իրենց ապագան ավելի շատ Հայաստանի հետ են կապում: Եթե Հայաստանում լինեն կազմակերպություններ, որոնք աջակցեն վերադարձողներին աշխատանք գտնելու, բնակարանների վարձակալության հարցերում, ապա ավելի շատերը կվերադառնան»,-ասաց նա:
Հարցին, թե շա՞տ են հայերը, որոնց եկել է ծանուցագիր ու պետք է ներկայանան ռազմաճակատ մեկնելու համար, նա պատասխանեց. «Կան, իհարկե, նրանք, որոնք զինվորական ծառայություն են անցել, զինվորական մասնագիտություն ունեն, բոլորին էլ եկել է ծանուցագիր: Բայց հայկական համայնքում խուճապ չկա մեր համայնքում, ուղղակի կա երիտասարդների մեջ այսպիսի մի համոզմունք, որ եթե պետք է զինվորական գործողությունների մասնակցեմ, ապա ավելի լավ է հայրենիքի համար: Եվ հիմա շատերը վերադառնում են Հայաստան: Հիմա ավիատոմսերի գներն արդեն աստղաբաշխական չեն, և ով դեռ ծանուցագիր չի ստացել, իրենք կարողանում են գալ Հայաստան»:
Նա նաև հավելեց, որ հայերի շրջանում արդեն կան մարդիկ, որոնք մեկնել են ռազմաճակատ. «Այո՛/ ունենք, և ունենք մեր աշակերտների զինվորական ծնողներ, որոնք արդեն գտնվում են ռազմաճակատում»:
Անդրադառնալով Կրաստոդարի հայ համայնքի, հատկապես իրենց կազմակերպության աշխատանքներին՝ նա ասաց. «Կոնկրետ Կրասնոդարում երեք համայնքային միավոր կա, որից մեկը մենք ենք, որպես մշակութային ինքնավարություն: Կոնկրետ մենք ավելի շատ մշակութային գործունեությունը ենք ծավալում, դպրոց ունենք, երիտասարդական կազմակերպություն և ունենք հրաշալի մեդիա հարթակ, որը շատ լավ տեղեկատվական աշխատանք է ծավալում, ամեն օր ներկայացնում է Հայաստանի և Արցախի նորությունները ռուսերենով: Եվ պատմության մասին, և լեզվի մասին տեղեկատվական և ուսուցողական բազմաթիվ ֆիլմեր, տեսանյութեր են նկարահանվում»:
Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը և իրենց աշակերտների ծնողները աջակցում են տարբեր կազմակերպությունների, որոնք Հայաստանին օգնություն են ցուցաբերում, բայց իրենք անձամբ նման բան չեն կազմակերպում. «Մենք աշխատում ենք չեզոք մնալ քաղաքականությունից: Մերը մշակութային, լուսավորչական գործունեությունն է»,-ասաց նա:
0Comments