Ի՞նչ է արել Քոչարյանը 2008-ի հետընտրական օրերին. մանրամասներ

Դրանք չեն կարող որակվել որպես սահմանադրական կարգի տապալում

 

Երկրորդ նախագահը երկու կարևոր գործողություն է կատարել. հրավիրել է փետրվարի 23–ի խորհրդակցությունը, կարգադրություններ արել և մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հղում կատարելով դատարանում Քոչարյանի ունեցած ելույթին։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն իր երկու ժամանոց ելույթում հանգամանորեն անդրադարձել է մեղադրանքի դրույթներին և հերքել դրվագները, որոնք տեղ են գտել մեղադրանքի որոշման մեջ.

«Սահմանադրական դատարանը Հայաստանում միակ ատյանն է, որը կարող է Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը ճանաչել հակասահմանադրական, սակայն մինչ օրս ոչ ոք չի դիմել Սահմանադրական դատարան և չի վիճարկել այդ հարցը»,- ասել է նա՝ հավելելով որ Քոչարյանին է մեղսագրվում այդ խորհրդակցությունը հրավիրելն ու նման հրամանագիր արձակելը, սակայն ըստ նրա՝ դրանք չեն կարող որակվել որպես սահմանադրական կարգի տապալում։