«5 լուր». համառոտ՝ կարևորի մասին 01.02.2019

Armeniadaily.am-ը ներկայացնում է

Այսօր Բեռլինում՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել: «Լավ է, երբ կողմերը միմյանց հետ բանակցում են, բայց երկու կողմերը պետք է պատրաստ լինեն, որպեսզի խոսքին հետևեն գործողությունները: Կարծում եմ՝ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա նաև պահանջում է մյուս կողմի՝ խիզախ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն»,- ասել է կանցլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում վերջին հանդիպումների ազդեցության մասին հարցին: Վարչապետ Փաշինյանն իր հերթին պարզաբանել է, թե խոսքն ինչ խիզախ քայլերի մասին է. «Ամիսներ առաջ Հայաստանի խորհրդարանում արել եմ հայտարարություն, որի համաձայն՝ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ ես հույս ունեի, որ Ադրբեջանի կողմից ևս ընդունելի կլինի: Սակայն, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, և քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող»,- ասել է վարչապետը:

 

Բարեփոխումներն արագացնելու համար լրացուցիչ աջակցության կարիք ունենք, գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում ունեցած ելույթում նշել է վարչապետ Փաշինյանը: «Տնտեսական հեղափոխությունը եւ աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: Այս գաղափարը հանդիսանում է նոր կառավարության ծրագրի հիմնական նախադրյալը: Մենք ընդունել ենք եւ արդեն սկսել ենք իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ: Մասնավորապես, արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական եւ քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու եւ անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Եվրոպական Միության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել եւ ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է խորացնել տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: «Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես երկու միությունների շուկաները կապող տնտեսական կամուրջ»,-հայտարարել է վարչապետը:

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այսօրվա դատական նիստին հայտարարությամբ է հանդես եկել եւ իր դիրքորոշումն է ներկայացրել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այնուհետև սպասվում է, որ մեղադրանքի կողմն իր առարկությունները կներկայացնի փաստաբանական թիմի բողոքների վերաբերյալ: Նիստը, սակայն, տեղափոխվել է, այն կկայանա փետրվարի 4-ին, ժամը 12-ին:

 

Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով հարուցված է քրգործ, որի վերաբերյալ ԱԱԾ-ն առաջիկայում հայտարարություն կանի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի քրգործին, նա ասել է, որ այն հիմնավորվել է. Երեւան հիմնադրամի կողմից դրամական միջոցների մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ եւ ոչ նպատակային է ծախսվել: «Գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե»,-ասել է Վանեցյանը:

 

Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: Գրիգորյանը գործարարից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ հայցի համար հիմք է հանդիսացել Գրիգորյանի հասցեին որոշ ժամանակ առաջ Սիլվա Համբարձումյանի կողմից արված հայտարարություններից մեկը։ Հիշեցնենք՝ Համբարձումյանը լատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել», նա նաև նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի: