Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ»-ի վերագործարկելու հարցին:
««Նաիրիտի» հարցը շատ զգայուն է: Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ որ դրանք իրատեսական են»,- ասաց նա:
Նշենք, որ «168 ժամ»-ը գրել էր, որ «Նաիրիտի» համակարգող խումբը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան, և այդ ի՞նչ գործարք են մտադրվել «գլուխ բերել» իշխանությունների թիկունքում։
Անդրադառնալով այս լուրին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չինացիները հնարավոր է, որ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտի» վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ:
«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ: Իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են: Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում: Բայց այն քննարկումները, որոնք ներկայում իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա: Այսինքն՝ խոսող կողմը այդ ծրագրի օգտին տիրապետում է և տեխնոլոգիական և կազմակերպական հստակ փորձառությանը»,- հայտնեց նախարարը:
Հարցին, թե «Նաիրիտի» սնանկության գործընթացը չպետք է կասեցվի, եթե նման քննարկումներ կան, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր, դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ:
Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի»:
0Comments