ՀՖՖ-ի, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հայտարարությունը.
«Հարգելի երկրպագուներ,
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:
Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:
Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:
Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»։
ՀՖՖ-ից հայտնում են նաև, որ Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:
Հիշեցնենք, որ երեկ կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 9։0 հաշվով։
0Comments