ԿԱՐԵՎՈՐ. Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ ժամը 17:00-ին

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 09:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին): Այդ մասին է վկայում Միացյալ Նահանգների ղեկավարի՝ Սպիտակ տան կողմից տարածված գրաֆիկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այնտեղ նշված է, որ զրույցը կկայանա մամուլի համար փակ ձևաչափով:

Բայդենի մասնակցությամբ հաջորդ միջոցառումը նշանակված է տեղական ժամանակով 11:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին): Ավելի վաղ մարտի 18-ին Սի Ծինփինի և Բայդենի միջև հեռախոսազրույցի կազմակերպման պլանների մասին տեղեկատվությունը հավաստել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:

Ինչպես հայտնել Է Սինհուա գործակալությունը, երկու երկրների ղեկավարները «կարծիքներ կփոխանակեն չին-ամերիկյան հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին գրավոր հայտարարության մեջ հայտնել է, որ Բայդենը մտադիր է Սի Ծինպինի հետ քննարկել, բացի այլ հարցերից, Ուկրաինայի իրադրությունը: