Այն, ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է նրա եւ նրան քաջալերող երկրների կողմից ՀՀ ինքնիշխանության, անկախության վրա

Մանրամասներ

«Ալիեւն ասում է՝ որտեղ ուզենք, այնտեղ էլ՝ կկանգնենք: Այսինքն, պետք է հասկանանք՝ նոր աշխարհակարգ է՞ գործում, որտեղ ով որտեղ ուզի, կանգնի, սա նշանակում է, որ միեւնույն կերպ որեւէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզենա կկանգնի՞: Եթե Ադրբեջանը նման հռետորաբանություն է կիրառում մի հարեւանի նկատմամբ, սա նշանակում է, որ իր բոլոր հարեւաններին հայտարարում է, որ ուր ուզի՝ կկանգնի՞, կամ սա նշանակում է միջազգային իրավունքի նոր էջ է՞ բացվում եւ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, ով որտեղ ուզի կկրակի՞, կներխուժի, կսպանի՞:

Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա, վարձկանների ներգրավումը դառնում է նոր իրավու՞նք: Նաեւ սա է պատճառը, որ ՀՀ-ն այս հարցերի քննության մի քանի հարթակ է օգտագործում՝ այդ թվում ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանը, հետեւաբար, Ադրբեջանի պահվածքը պետք է քննարկման առարկա դառնա ոչ միայն եռակողմ ձեւաչափում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, ՀԱԱԳԱ-ում ու ՄԻԵԴ-ում: Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Ժողովրդավարության գագաթաժողովին՝ առցանց է այն տեղի ունենալու, եւ այնտեղ եմ նաեւ պատրաստվում հարցը բարձրաձայնել: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է նրա եւ նրան քաջալերող երկրների կողմից ՀՀ ինքնիշխանության, անկախության եւ, հիմա կարող եմ ասել, նաեւ ժողովրդավարության վրա, եւ դա պատրաստվում ենք հետապնդել միջազգային հնարավոր բոլոր հարթակներում: Մենք մեզ չենք սահմանափակելու»,- հայտարարել է Փաշինյանը:

Հարցին՝ արդյո՞ք կա պատերազմի վտանգ, Փաշինյանն արձագանքեց՝ կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի՝ այդ թվում միջազգային լծակներով:

«Մյուս կողմից, չենք խուսափում նաեւ ու չենք խուսափել Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: Ինչի՞ համար է ՊՆ-ների միջեւ այս կոմունիկացիան ձեւավորվում՝ միջազգային միջնորդույթամբ: Բավական է կողմերն իրար սադրանքների եւ այլնի մեջ մեղադրեն: Հիմա մեր նախարարին հանձնարարել եմ ակտիվորեն օգտագործել այդ կոմունիկացիան եւ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել Ադրբեջանի ՊՆ-ի հետ՝ առաջարկելով, որ նույնը վերջինը անի, որպեսզի տեսնենք՝ ով՝ ինչպես է արձագանքում, եւ սրանից ավելի ակնհայտ կդառնա՝ ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ավելին, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն դրանում, շատ ավելի լավ, նկատի ունեմ՝ հարցի միջազգային ձեւակերպումը կարեւոր է, բայց չի նշանակում, որ հրաժարվելու ենք ուղիղ ու բաց խոսել Ադրբեջանի հետ եւ միայն ասելու ենք դա միջազգային ատյաններում: Բրյուսելում հանդիպում կունենա, եւ կա հավանականություն, որ դեմ առ դեմ Ադրբեջանի նախագահի հետ քննարկում կլինի, եւ ասել եմ, որ պատրաստ եմ այդ քննարկմանը, այլ տեղերում էլ: Պետք է նաեւ հասկանանք, որ այդ քննարկումը պետք է ունենա կոնկրետ թեմա, առաջինը՝ իրադրության շուրջ գնահատականը, արդյունքում պիտի պարզվի ի վերջո՝ ո՞վ է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմամբ: Եթե պարզվի՝ ոչ ինքը, ոչ՝ ես, կարող եմ երաշխավորել, որ մենք շահագրգիռ չենք, ապա շատ ավելի լավ»,- հայտարարեց Փաշինյանը: