«Մեր ելույթները ԲՀԿ-ին ուղղված չեն, որովհետև նրանք ունեն թեկնածու և քվեարկելու են իրենց թեկնածուի օգտին: Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որը չունի թեկնածու և իրենց ձայներից է կախված, թե ով է ընտրվելու»,-այս մասին այսօր ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վերջինս դիմեով ԲՀԿ-ի պատգամավորներին կոչ արեց չմտնել իրենց և «Իմ քայլը» դաշինքի կռվի մեջ. «Մենք քաղաքական իմաստով կռիվ ենք տալիս, որ մեր թեկնածուին ներկայացնենք, պաշտպանենք, որ նա ընտրվի ու այդ կռվի մեջ, հարգելի ԲՀԿ, դուք մտնում ու կռիվ եք տալիս: Կռիվ ունեք, ձեր կռիվը տարեք, որովհետև ձեր ձայներն էլ պետք է ըստ էության, այնտեղից գա»,-հավելեց Մարուքյանը:
Մարությանի խոսքերով «Իմ քայլ»-ի համար այս իրավիճակում կա երեք ճանապարհ համար՝ ընտրել Մանե Թանդիլյանին, ընտրել Վահե Էնֆիաջյանին և թողնել ազատ, ով ում ուզում է թող ընտրի:
Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ «Իմ քայլը» որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, իրենք «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակների քվեարկության ժամանակ իրենց պատգամավորներին ազատ կթողնեն քվեարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
0Comments