Ոչ մի պարագայում չուրանալ Քրիստոսին

Մանրամասներ

ա

Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրն է 

Այս տարի սեպտեմբերի 25-ին հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը: Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի հետ:

  • Սուրբ Գևորգը քաջամարտիկ զորավար էր, ի՞նչ է նա մեզ՝ քրիստոնյաներիս սովորեցնում ու փոխանցում իր առաքելությամբ: 

  • Իր կյանքով ու առաքելությամբ Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է մարդ սիրի Աստծուն, կարգավորի իր հավատքը և ինչ առաքելություններ պետք է ունենա կյանքում: Եվ առհասարակ, նա քրիստոնյաներիս սովորեցնում է ևս մեկ անգամ մեր կյանքի վճռորոշ, դժվարին ու ծանր օրերում էլ լինել անվախ, քաջ, արի և որ ամենակարևորն է՝ ոչ մի պարագայում չուրանալ Քրիստոսին: 

  •  Սուրբ Գևորգը հալածանքներ կրեց քրիստոնյա լինելու համար, սակայն հաստատ մնաց իր հավատքի մեջ: Այսօր ի՞նչ խոչընդոտների, մարտահրավերների ենք բախվում մենք՝ քրիստոնյաներս: Ինչպե՞ս դիմակայել:

  • Այսօր մենք չպետք է վհատվենք՝ չնայած մեր առաջ ծառացած այս ծանր մարտահրավերներին, որ մեզ աշխարհն է մատուցում: Չպետք է մեր զգոնությունը կորցնենք և հարատև պետք է լինենք աղոթքի մեջ: Այսօր չկան այնպիսի հալածանքներ, ինչպիսիք կային առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դարերում, սակայն մեծացել է մոլորությունների մեջ ընկնելու հավանականությունը, ինչի հանդեպ պիտի աչալուրջ լինենք:

  • Ի վերջո Սուրբ Գևորգը նահատակվեց հանուն հավատքի՝ դատապարտվելով մահվան կայսեր կողմից: Սա պարտությո՞ւն է, թե՞ հաղթանակ քրիստոնյայի համար: 

  • Սրբի նահատակությունը միանշանակ հաղթանակ էր քրիստոնյաների համար, քանզի չկա մի քրիստոնյա, որ ճանաչի Աստծուն և չնախընտրի հանուն Աստծո իր կյանքը տալ, քան մերժել հավիտենական արարչին և ընտրել ժամանակավոր բարեկեցությունը, ինչպես այսօր վարվում են շատ-շատերը, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին:

  • Այս տարի Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում տոնի առիթով:

  • Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում այս տարի տոնի կապակցությամբ սրբի մասունքակիր աջն է բերվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ի խոնարհում հավատավոր ժողովրդի: Սուրբ և Անմահ Պատարագից հետո կատարվելու է մատաղի օրհնության կարգ, ինչից հետո կազմակերպվել է փոքրիկ միջոցառում:

qahana.am