Չտես «բիրդան աղա» դարձածներն ընկել են մեղրի կարասը. նամակ վարչապետին

Լավ, ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի քանի միլիոն աշխատավարձ ստացողին եւս մի քանի միլիոնի պարգեւավճար տալը


Հարգելի Նիկոլ, Ձեզ իշխանության բերեց ժողովուրդը, որովհետեւ Դուք նրանցից մեկն էիք, հասարակ, համեստ, դժվարությունների միջով անցած, հույս ներշնչող, որ կլավացնեք մեր աղքատ խավի վիճակը։ Այն, որ մեկ ամսից ավելի մենք տան երես չտեսանք, տանջվեցինք ու տառապեցինք Ձեզ համար, Դուք դա լավ գիտեք։ Չերկարացնեմ՝ որքան էլ բացատրեք, մեկնաբանեք, մեզ համար անհասկանալի եւ անընդունելի են այն շռայլությունները, որ անում եք։ Անիմաստ, անտրամաբանական տոները եւ հատկապես այդ պարգեւավճարներ կոչվող թալանը։ Լավ, ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի քանի միլիոն աշխատավարձ ստացողին եւս մի քանի միլիոնի պարգեւավճար տալը․ Ձեզ ո՞նց այդ ընչաքաղց, անկուշտ պաշտոնյաները համոզեցին դա։ 

Ո՞վ է այն առաջին անորակ պաշտոնյան, որ մեջտեղ բերեց «արժանապատիվ աշխատավարձ» արտահայտությունը։ Ամբողջ աշխարհում արժանապատիվ լինում է միայն թոշակը՝ վաստակած տարիների տքնաջան աշխատանքի դիմաց, եւ արժանապատիվ ծերություն է ապահովում պետությունն իր թոշակառուի համար։ Թե՞ արժանապատիվը միայն Ձեզ է վերաբերում, երբ դեռ ոչինչ պարզ չէ, թե Ձեր պաշտոնյաներն արժանի կլինե՞ն այդ բառին։ Իսկ ե՞րբ կլինի արժանապատիվ թոշակը։

Չտես «բիրդան աղա» դարձածներն ընկել են մեղրի կարասը, եւ ավելի շատ խլի-խլիի է նման սա, քան կատարած աշխատանքի դիմաց վճարման։ Ավելի շատ սա հիշեցնում է նախկինների թալանը՝ օրինականացված, ուղղակի ափաշկարա դարձած թալան։ Դուք պարտավոր եք առաջին հերթին մտածել մեր անպաշտպան, ընչազուրկ խավի մասին, 124 միլիոն օդը շպրտելու փոխարեն, 4-րդ կարգի վթարային շենքերից հանեք-փրկեք երեխաներին, աղբամանները քրքրող, ցնցոտիների մեջ, հիվանդ ու ընչազուրկ աղքատներին օգնեք, մի քանի շենքի անմխիթար վերելակ վերանորոգեք։ Բազմաթիվ են պրոբլեմները, իսկ Դուք՝ անհաղորդ, միայն մտածում եք, թե ոնց էդ «բիրդան աղաների» կյանքն ավելի լավացնեք։ Առանց այն էլ վայելքների, գործուղումների եւ այլ հաճույքների մեջ են։
Ձեր տեսքից ես տեսնում եմ, որ Դուք բոլորովին մտահոգ չեք այս երկրի ճակատագրով․ ախ, Դուք ո՞նց չեք զգում այդ ամբողջ պատասխանատվությունը։ Դուք գիշերն անգամ հանգիստ քուն չպետք է ունենայիք․ փոքրիկ, աննշան ձեռքբերումները դեռ չեն նշանակում, որ գործ եք անում։ Իսկ մեր կենսամակարդակի վրա շոշափելի են միայն թանկացումները։ 

Մտածեք թոշակների արժանապատիվ բարձրացման մասին, չէ՞ որ հայտարարում էիք, որ միլիարդների հասնող գումարներ են մուտքագրվել բյուջե։ Բավական է ցուցադրական էժան էֆեկտների հետեւից ընկնել։ Նույնը վերաբերում է նորընտիր քաղաքապետին, որն ավելի վատ է կառավարում, քան իր նախորդը։

Հրանուշ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
կենսաթոշակառու