Փաստացի բանակի ղեկավարությունը մարտի դաշտ էր նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել

Ջալալ Հարությունյանը և Գենադի Բաղդասարյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն․ անհետ կորածի ծնող

1

Գնդապետ Գենադի Բաղդասարյանը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ևս պետք է պատասխնատվության ենթարկվեն, հրետանու դիվիզիոնի ղեկավարությունը երկու անգամ մարտական կառավարման կետից պատասխան է ստացել, որ հանկարծ չկրակեն, հակառակորդի դիվերսիոն խումբ չէ, այլ մերոնք են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողի հայր Արմեն Ասրյանը։

«Մենք, ինքնուրույն հետաքննություն անցկացնելով, ահագին մանրամասներ ենք պարզել եւ հասկացել ենք, թե ովքեր են անմիջական պատասխանատուներն ու մեղավորները։ Մեր դիմումների համաձայն՝ քրեական գործ է հարուցվել, օրերս դիվիզիոնի շտաբի պետ Գեւորգ Գևորգյանը ձերբակալվել է»,- ասաց նա։

Ծնողը մանրամասնեց, որ բանակի սխալ կառավարման հետևանքով դիվիզիոնին տեղեկատվություն չէր փոխանցվում, պատերազմի ընթացքում հրետանային դիվիզիոնը հայտնվել է հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի հետևանքով 21 անհետ կորած զինծառայող է եղել: Ըստ նրա՝ Ցորի զորամասի կողմից ինֆորմացիա չկար, որովհետեւ զորամասը մասնատված էր. մի գումարտակը Մատաղիսում էր, մյուսը՝ Կարմիր Շուկայի ուղղությունում, մյուսը՝ Հորադիզ ուղղությունում։ Նա պատմեց, որ դիվիզիոնի հիմնական կրակային կետերը եղել են Վազգենաշեն բնակավայրում, այնտեղ են իրականցրել հիմնական մարտական գործողությունները, սակայն հետո այնպիսի տեղանքներում են ասել, որ խնդիր կատարեն, որին ծանոթ չեն եղել, այնտեղ զորավարժություններ արած էլ չեն եղել։

«Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել՝ երթ կատարել դեպի Հադրութի ուղղություն։ Ինչպես գիտենք, մեր ստորաբաժանումներն այդ ուղղությամբ բավականին ծանր վիճակում էին հայտնվել։ Հադրութի շրջանում այդ դիվիզիոնը զբաղեցրել էր կրակային դիրք՝ «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում։ Վերադաս հրամանատարության կողմից ՊԲ հրետանու պետի ցուցման համաձայն նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք, անցնելով քաղաքը, «9-րդ կիլոմետր» կոչվող տեղամաս կա, այդ շրջանում կրակային դիրքեր են զբաղեցրել»,-պատմեց Արմեն Ասրյանը։

Նա նշեց, որ պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար։ Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները, նրա կարծիքով, կոպիտ խախտում են արել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3 պայմանների ապահովում։

«Հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդ ժամանակ հակառակորդը չի կանգնեցվել, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, որը ունեին, և մենք պիտի ունենայինք բավականին ռեզերվներ, որ իրականացնեինք այդ հակահարվածը։ Փաստացի, բանակի ղեկավարությունը մարտի դաշտ էր նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել»,-մանրամասնեց Արմեն Ասրյանը։

Անհետ կորած զինծառայողի հայրը պատմեց, որ հակահարվածի ձախողումից հետո մի կերպ այդ դիվիզիոնը «9-րդ կիլոմետր» տեղանքից մազապուրծ կարողանում է դուրս պրծնել՝ այնտեղ թողնելով որոշակի տեխնիկա և գույք, որից հետո վերադառնում են «Ջրաշխարհ» կոչվող տեղամասը, որտեղ ունեին կրակային դիրքեր, սակայն հրամանատարությունը՝ հանձին հրետանու պետի՝ Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տալիս, որ շատ են հետ գնացել, դեպի առաջ զբաղեցնեն կրակային դիրք, որպեսզի այնտեղի խնդիրներ կատարեն։ «Հրամանատարները ուսումնասիրում են տեղանքը եւ կրակային դիրք են ընտրում «Ջուվառլու» կոչվող տեղամասում, դա արդեն հոկտեմբերի 8-ն էր։ Կրակային դիրքը կահավորում են եւ դիվիզիոնը զբաղեցնում է զբաղեցնում է կրակային դիրք եւ սկսում է խնդիրներ կատարել։ Հրետանու պետի կողմից հրաման էր տրվում, Հադրութի ուղղությամբ կրակել, չնայած նրան, որ այդ դիվիզիոնի հիմնական ուղղությունը դեպի իրենց ստորաբաժանումների կողմն էր, ավելի շատ դեպի արեւելք, բայց խնդիրները տրվում էին դեպի հարավ՝ Հադրութի ուղղությամբ։ Այդ ուղղությամբ 2 օր թեժ մարտեր են ընթանում, որի ընթացքում հոկտեմբերի 10-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցը ԱԹՍ-ների կողմից խոցվում է »,-մանրամասնեց նա։

Ծնողի խոսքով՝ հետո թույլտվություն են վերցնում բանակի հրետանու բաժնից, հետ են նահանջում, նորից զբաղեցնում կրակային դիրքեր՝ «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում, բայց ժամ անց գնդապետ Բաղդասարյանը ասում է, որ շատ են հետ գնացել, առաջ գնան, դիրք զբաղեցնեն։ Ըստ նրա՝ հրահանգը տրվել է թեժ մարտերի ժամանակ․ «Դիվիզիոնի հրամանատարական կազմն այլընտրանք չունենալով՝ կրկին զբաղեցնում է «Ջուվառլուի» կրակային դիրքը, քանի որ բաց տարածությունում կրակային դիրք զբաղեցնելը առանց անձնակազմի թաքստոցների, դա հավասարազոր էր ինքնասպանության։ Նրանք կրկին վերադառնում են այդ կրակային դիրք և շարունակում կրակային խնդիրներ կատարել ու կրկին Հադրութի ուղղությամբ։ Նրանք գրեթե իրենց զորամասի ստորաբաժանումների օգտին խնդիրներ չեն կատարել, բոլորը ուղղված էր Հադրութի ուղղությամբ։ Պահ էր եկել, որ կրակային հեռավորությունը 4-5 կմ էր։ Դիվիզիոնի հրամանատարությունը չէր կարողանում ճշտել, թե որտեղ է գտնվում հակառակորդը, որտեղ է առաջնագիծը։ Զորամասի հրամանատարական կետը, որը պարտավոր էր ղեկավարել զորամասի ստորաբաժանումները, գտնվում էր Աղդամի ուղղությունում»,-մանրամասնեց նա։ Արմեն Ասրյանի խոսքով՝ երբ արդեն ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվում և պարզ է դառնում, որ մերոնք չեն, այլ թշնամին, դիվիզիոնի հրամանատարը հրահանգում է դուրս գալ, նահանջել՝ ով ինչպես կարող է։ «Դիվիզիոնի շտաբի պետը գտնվել էր երկու մարտկոցների արանքում՝ փլված տների հետևի հատվածում, լսելով նահանջելու հրահանգը, ոչ թե նահանջում է, այլ փախչում, այնինչ պիտի նահանջը կազմակերպեր։ Փախուստի է դիմում նույնիսկ մեկ զինծառայող, չի հասցնում նստել իր մեքենան»,-ասաց նա։

Ծնողի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 21 զինծառայողներից առնվազն 15-ը զոհվել են, 10 մարմին միայն առկա տեսագրությունում է երևում։