«Մենք հասել ենք մի իրավիճակի, որ Հայաստանի խորհրդարանում պաշտպանում են Էրդողանին, կան Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություն հաստատելու բիզնես ջատագովներ։ Այս ամենին ականատես լինելով՝ խոսել Թուրքիայի պահանջները մերժելու մասին, սխալ է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բացման ջատագովները պետք է հստակ հիշեն, թե ի՞նչ արեց Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում, և պետք է գիտակցեն՝ հայ-թուրքական սահմանի բացումը չի նվազեցնելու Թուրքիայից եկող անվտանգային մարտահրավերները։
«Պետք է նաև հիշել, թե ինչպե՞ս մեր Արտգործնախարարության լավ դիվանագետները հրաժարական տվեցին և հեռացան։ Նրանց ասած հակապետական քայլի համատեքստում պետք է դիտարկել նաև հենց հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու առաջարկվող հնգակողմ կովկասյան պլատֆորմը, որը, ի դեպ, նորություն չէ. այն առաջարկվել է նախորդ նախագահների ժամանակ ևս։
Այնպես որ՝ երբ Փաշինյանն ասում է, որ արտգործնախարարը պետք է լինի քաղաքական թիմի անդամ՝ դրանով չի հերքում հակապետական քայլի մասին ահազանգած դիվանագետներին։ Երբ դրանից հետո Արարատ Միրզոյանին է նշանակում արտգործնախարար, այդ նշանակումը ցույց է տալիս, որ նա քաղաքական թիմի անդամ է և չի հրաժարվելու անել այն, ինչ չարեցին փորձառու դիվանագետները»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
0Comments