ՀԴՄ սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ. Դավիթ Անանյան

Ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով Հայաստանում ՀԴՄ սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ:

«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-ից 60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրությունն անենք համադրելի երևույթների միջև: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռք բերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա:

Ըստ Անանյանի՝ ՀԴՄ ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ:

«Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Խոսելով հարկային մուտքների մասին` նա ասաց, որ համեմատելով 2017թ.-ը 2018թ.-ի հետ, 15 տոկոսով գերակատարվել է հոսքային պլանը «մուտքերի հաշվին»:

«Բիզնեսին ավելի շատ գումար է վերադարձվել, կանխավճարների ավելի շատ վերադարձ է եղել: 111 միլիարդով նվազեցրել ենք»,- ասաց նա: