Արարատ Միրզոյանը, որը ապագա ԱԺ նախագահն է, դեռ չընտրված՝ կարծես արդեն մտել է իր տարերքի մեջ և որոշել սեփական քմահաճույքները պարտադրել ԱԺ աշխատակազմին։ Եւ ոչ միայն Միրզոյանը, նրա թիմակիցներն էլ են արդեն ամբիցիաներ դրսևորում՝ փորձելով նոր խորհրդարանում իրենց համար արտոնյալ պայմաններ ապահովել՝ սկսած լավ աշխատասենյակներից։ Համարում են, որ պակաս չեն ՀՀԿ-ականներից, որ նրանք պետք է վայելեին, իրենք՝ ոչ։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանն արդեն հանձնարարել է կամ առնվազն նման ցանկություն է հայտնել, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների կողմից «չլած» ավտոմեքենան, իր համար անպայման նորն է ուզում։ Իսկ նորը, ըստ Միրզոյանի ճաշակի, Mercedes S-Class պետք է լինի, որի ամենաթանկ մոդիֆիկացիան Maybach-ն է, և ասում են՝ Միրզոյանը հենց Maybach էլ ցանկանում է ձեռք բերել, ընդ որում՝ զրահապատ, ինչը ԱԺ նախագահին օրենքով չի հասնում։ Իսկ տվյալ մեքենայի գինը Mercedes-ի երևանյան ավտոսալոնում 100 մլն դրամից ավելի է։
Միրզոյանը նաև պահանջել է, որ մինչև իր գալը վերանորոգեն իր աշխատասենյակը, որը նախորդ դարից ի վեր՝ նորոգում չի տեսել։ ԱԺ աշխատակազմից, սակայն, մտադիր չեն բավարարել Միրզոյանի պահանջները, համարում են, որ նա դեռ չի ընտրվել, նախ թող ընտրվի, հետո թող գա նոր աշխատակազմի ղեկավարը և ինքն էլ որոշի՝ բյուջեի փողերը որտեղ ծախսել։ Թեպետ, ըստ շրջանառվող խոսակցությունների, Միրզոյանը, ասում են, վստահեցրել է, որ փողի մասով խնդիր չկա՝ ինքը կառավարությանը կասի, կառավարությունը կհաստատի և գումարը կհատկացնի։ Իսկ գումարը պետք է տրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
ԱԺ աշխատակազմից Hraparak.am-ին այս կապակցությամբ ընդամենը ասացին՝ իրենց հետ պաշտոնապես նման քննարկում չի եղել։ Թեպետ՝ Ազգային ժողովում այսօր արդեն շատերն են այդ մասին խոսում և պնդում, որ Միրզոյանի կողմից նման մտադրություն կա, և եթե ոչ պաշոտնապես, ապա ներքին կարգով գոնե նման առաջարկ և ցանկություն հայտնել է և հիմա ուղիներ են փնտրում հարցը լուծելու, հավանաբար նոր մեքենան ձեռք կբերեն նոր աշխատակազմի ձևավորումից հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments