Թրամփը կարող է վերընտրվել, եթե հաղթի Արիզոնա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգներում. Սպիտակ տան խոսնակ

Թրամփը «զգալի առավելություն» ունի Փենսիլվանիայում

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերընտրվել երկրորդ ժամկետում, եթե հաղթի Արիզոնա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգներում: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին, գրում է tass.ru-ն։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ հաղթանակի ճանապարհը Արիզոնայի, Փենսիլվանիայի և Ջորջիայի միջոցով է»,- ասել է նա՝ նշելով, որ Թրամփը «զգալի առավելություն» ունի Փենսիլվանիայում:

«Մենք կարծում ենք, որ հաղթելու ենք Արիզոնայում», - հավելել է նա:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հնարավոր է համարել, որ Փենսիլվանիայում քվեարկության ժամանակ կարող էր կեղծիք տեղի ունեցած լինել։ Նրա խոսքով՝ նախկինում նահանգում քվեաթերթիկների մշակման ժամանակ նույնպես նման դեպքեր գրանցվել են։

Associated Press գործակալությունը և Fox News հեռուստաալիքը ավելի վաղ կանխատեսումներ էին ներկայացրել, որոնց համաձայն Արիզոնայում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը: Շատ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ դեռ կարծում են, որ նահանգում քվեարկության արդյունքներն առայժմ այնքան էլ միանշանակ չեն։ Մի շարք լրագրողների գնահատականների համաձայն՝ Ջորջիայում և Փենսիլվանիայում Թրամփը փոքր առավելություն ունի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։