Երեկ Ադրբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, այսօր նույն բանը տեղի է ունեցել հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Մանրամասներ

Երեկ ցուցադրեցինք տեսանյութ, որ Արդբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, այսօր էլ է նույն բանը պատահել, սակայն հարավային ուղղությամբ, միայն այն տարբերությամբ, որ այս պահին տեսանյութ չունենք հարավից՝ ցույց տալու: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այսօր վարչապետի մարտակոչին, որ պետք է մեկ տարվա զինծառայությունից զորացրվածները կամավորագրվեն, Հովհաննիսյանն ասաց. «Մարտակոչը հստակ մեսիջներ ու ասելիք ուներ, որևէ այլ մանրամասներ պետք չէ ներկայացնել, մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք և դա բնականոն պրոցես է այս բավականին բարդ և ծանր մարտական գործողությունների պարագայում»:

Հարցին՝ երեկ հայտնեցին Գյանջայի ռազմական օդանավակայանի հօդս ցնդելու մասին, այսօր ի՞նչ օբյեկտներ են հօդս ցնդել, Հովհաննիսյանը նշեց. «Անկեղծ ասած միշտ չէ, որ բոլոր հօդս ցնդված նշանակետերի ու թիրախների անունները նշում ենք, բայց էնպես էլ չի, որ դրանք չեն իրականացվում: Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասն տեղին է հայտնել, միշտ չէ, որ այդ որոշակի առանձին լուրերը, որ հայտնում ենք իրենք ստատիկ բնույթ ունեն, դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ զարգացման մեջ են, այնպես որ սպասեք լավ լուրերի, միևնույնն է հաղթելու ենք»: