Իլինոյսի համալսարանի (Չիկագո, ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են փոփոխություններ ուղեղում, որոնք մատնանշում են ինքնասպանության բարձր ռիսկի մասին, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով Psychological Medicine-ին։
Համաձայն ԱՀԿ տվյալների՝ աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ կատարվում է մեկ ինքնասպանություն. ամեն տարի իրենց կյանքից զրկում են 800 հազար մարդիկ։
Դա ավելի մեծ թիվ է, քան մահացությունը ՁԻԱՀ-ից, սպանություններից, թմրանյութերի չարաշահումից կամ ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Ինքնասպանական վարքի հիմնական պատճառներ են դեպրեսիան եւ տրամադրության այլ խանգարումները, ինչպես նաեւ որոշ դեղերի կողմնակի ազդեցությունները։
Հատկանշական է այն, որ տագնապի ազդանշանները, որոնք մատնանշում են ինքնասպանության մասին, հաճախ դժվար է հայտնաբերել անգամ փորձառու բժիշկների համար։
Սքոթ Լանգենեկերի՝ հետազոտության համահեղինակի խոսքով, «գոյություն ունեն միայն ինքնասպան վարքագծի բարձր ռիսկ ունեցող անձանց վերհանելու մի քանի եղանակ»։ Ամենից հաճախ ռիսկը կարող են գնահատել ինքը՝ պացիենտը, եւ բուժող բժիշկը։
Դրա համար Իլինոյսի համալսարանի գիտնականները սկսել են փնտրել ինքնասպանության վերհանման ավելի հուսալի միջոց։ Նրանք ուսումնասիրել են 212 երիտասարդների ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) օգնությամբ։ Փորձարկվողներից 18-ի մոտ եղել է աֆեկտիվ խանգարում, որը մի անգամ հանգեցրել է ինքնասպանության փորձի։ 60 կամավորները տեղեկացրել են, որ մի ժամանակ իրենք մտածել են ինքնասպանության մասին, բայց չեն դիմել դրան։ Մյուսները առողջ են եղել եւ ծառայել են որպես վերահսկիչ խումբ։
Ջոնաթան Սթենջի՝ հետազոտության հեղինակի խոսքով, «առաջին անգամ իրականացվել է նեյրոնային մեխանիզմները հասկանալու փորձ, որոնք ընկած են ինքնասպանության հիմքում»։
Ցույց է տրվել, որ մարդիկ, որոնք մտածում են ինքնասպանության մասին կամ արդեն փորձել են ինքնասպանություն կատարել, ուղեղում տարբեր կապեր ունեն առողջ մարդկանց համեմատ։
Ինքնասպանության մտքեր ունեցող փորձարկվողների խումբը նման փոփոխություններ է ցուցադրել ուղեղում։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են օգնել վերհանելու ինքնասպան-պացիենտներին վաղ փուլում եւ բարելավել նրանց բուժումը։ Սթենջի խոսքով՝ գուցե անգամ հաջողվի «նվազեցնել ինքնասպանության ռիսկը»։ Սակայն եզրահանգումները հաստատելու համար անհրաժեշտ է մասշտաբային հետազոտություն կատարել՝ ինքնասպանության փորձ կատարած անձանց մեծ թվի ներգրավմամբ։
Գիտնականների նպատակն է՝ գտնել սուր ինքնասպանական փուլի հայտնաբերման եղանակը ուղեղի վիճակի հիման վրա։ Ինչպես ասում է Սթենջը, «վերջնանպատակը այդ տեղեկատվությունը իննքասպանությունները կանխելու համար օգտագործելն է»։
0Comments