Սարգսյանը և Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից, 2018թ.-ը վկա. Աշոտյան

Մանրամասներ
սերժ

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանը նրան հարցրել է.

«Պարոն Աշոտյան, Սերժ Սարգսյանի և Հանրապետականի վրա հարձակումները նոր թափ են ստացել։ Ինչո՞վ եք դա բացատրում»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Նիկոլին, կարծես, հաջողվում է նախընտրական տենդով վարակել որոշ վայ-ընդդիմադիրներին, ինչն արտահայտվում է ձայն կպցնելու և փախցնելու նրանց փնթի արշավով։ Դաշտում իրոք նկատելի է որոշ շրջանակների կողմից ուղղորդված քարոզչությունը ՀՀ երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ։ Այդ արշավն իր գարշահոտությամբ բացահայտում է իր տերերին, որոնք թեպետ տարբեր ճամբարներից են, բայց զարմանալի զուգադիպությամբ փորձում են նույն թիրախին խփել։ Նրանց մեջ են և՛ ցայսօր նիկոլամերձ գործիչներ, և՛ այժմ ընդդիմադիր, բայց 2018թ.-ին Նիկոլի համար իրենց մարմինը ողջ երկայնքով ճղող դեմքեր, և՛ առողջ ամբիցիաների անառողջ դրսևորումներով «սկսնակներ»։

Նրանց բոլորին միավորում է նաև մեկ այլ անջնջելի խարան՝ 2018թ.-ին նրանք կա՛մ բացահայտ սատարել են իշխանազավթմանը, կա՛մ հրճվել հոգու խորքում, կա՛մ տոտալ անտարբեր եղել ողբերգություն գուժող այդ աղետի հանդեպ։ Ցավոք, նման կեցվածք որդեգրածների մեջ հանդիպում են նաև իրականում ազնիվ, բայց մոլորված հայրենակիցներ, ովքեր իրենց ապատիան և հիասթափությունը փորձում են պարպել՝ դավադրապաշտական և միստիկ վարկածների գրկում։

Չեմ բացառում, ի դեպ, որ որոշ շրջանակներ նաև դրսի պատվեր են կատարում՝ թողնելով Նիկոլին և սևեռվելով մեր վրա։ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. 2018թ.-ը վկա։ 2018թ.-ից առ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդքան չի տուժել, չի հալածվել, չի դիմակայել նիկոլական ռեժիմին, քան Հանրապետականը։ Կարկուտ տեսածը անձրևից չի վախենա, բայց քամի ցանողները պիտի պատրաստ լինեն փոթորիկ հնձել»։