Սիրիական բանակը մտել է Սիրիայի Ռաքքա շրջանի Թաբկա քաղաք, որը գտնվում է քրդերի հսկողության տակ, և շարժվում է հյուսիս: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին:
Սիրիական իշխանությունների կողմից այս առնչությամբ պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել:
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների ինքնավար վարչությունը կիրակի՝ հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել սիրիական իշխանությունների հետ՝ սիրիական բանակը թուրք-սիրիական սահմանի երկայնքով դիրքավորելու հարցում, որպեսզի կարողանան դիմակայել թուրքական բանակի և թուրքամետ խմբավորումների հարվածներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
0Comments