Կուրցը Ավստրիայի նոր կառավարության ձեւավորման մանդատ կստանա հոկտեմբերի 7-ին

Հինգշաբթի Ավստրիայի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ձայների հաշվարկի արդյունքներով սեպտեմբերի 29-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱԺԿ-ն հաղթել է 37,5 տոկոս ձայներով

Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը հոկտեմբերի 7-ին պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին նոր կառավարություն ձեւավորելու մանդատ կտա՝ համաձայն Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ավստրիայի նախագահի աշխատակազմին։

«Նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին կընդունի ԱԺԿ նախագահ Սեբաստիան Կուրցին։ Այդ զրույցից հետո նախագահը Սեբաստիան Կուրցին կօժտի կառավարություն ձեւավորելու մանդատով»,- ասվում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հայտարարությունում։

Երեքշաբթի Ավստրիայի նախագահը հանձնարարել է անցումային կառավարությանը առաջին կնոջ՝ Ավստրիայի կանցլեր Բրիգիտե Բիրլայնի գլխավորությամբ, կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Հաջորդ կառավարության ձեւավորման աշխատանքը կարող է ձգվել մինչեւ կաթոլիկական Ծննդյան տոներ՝ դեկտեմբերի 25-ը։

Հինգշաբթի Ավստրիայի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ձայների հաշվարկի արդյունքներով սեպտեմբերի 29-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱԺԿ-ն հաղթել է 37,5 տոկոս ձայներով (71 պատգամավորական մանդատ)։ Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 21,2 տոկոս ձայներով (40 մանդատ)։ Երրորդ տեղում աջ Ավստրիական ազատության կուսակցությունն է՝ 16,2 տոկոս ձայներով (31 մանդատ)։

Չորրորդը «Կանաչներն» են՝ 13,9 տոկոս (26 մանդատ)։ «Նոր Ավստրիա» լիբերալ կուսակցությունը 8,1 տոկոս ձայներով հինգերորդն է (15 մանդատ)։ Մյուս քաղաքական շարժումները չեն կարողացել հաղթահարել 4 տոկոսանոց շեմը խորհրդարանում հայտնվելու համար։

Ավստրիայի նոր գումարման Ազգային խորհրդում կլինեն հինգ քաղաքական կուսակցություններ։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 75,6 տոկոս։ Դաշնային ընտրական հանձնաժողովը կհաստատի արդյունքները հոկտեմբերի 16-ին։