Որեւէ օրենք ցույց տվեք, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է. Գևորգ Պետրոսյան

Թող որեւէ մեկը անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ. դա անպտուղ փորձ եւ անհետեւանք զբաղմունք է լինելու

 «Թող որեւէ մեկը անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ. դա անպտուղ փորձ եւ անհետեւանք զբաղմունք է լինելու: Մենք Հրայր Թովմասյանի հարց չենք լուծում. Մենք ասում ենք՝ հարգելի գործընկերներ, լավ եք արել, ունեք այդպիսի ենթադրություն, ողջամիտ կասկած, որ ասենք, Հրայր Թովմասյանը օբյեկտիվ չէ, անաչառ չէ: Դիմեք ՍԴ, լավ եք անում»:

Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ իրենք եւս չեն ուզում դիմել, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք մասնակցել ամեն մի գործընթացի: Մենք արդեն ասել ենք, որ իրավական հիմնավորումները մեր կարծիքով բավարար չեն, որովհետեւ այնտեղ չկա էական կարգապահական խախտում: Մենք միանում ենք նախաձեռնություններին այն ժամանակ, երբ համոզված ենք լինում, որ դրանք իրավական հիմնավորվածության տեսանկյունից խոցելի չեն: Քավոր-սանիկությունն ի՞նչ կապ ունի: Քավոր-սանիկությունը քաղաքական կատերգորիա՞ է: Չկա շահերի բախում, որեւէ օրենք ցույց տվեք, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է: Դա մերձավոր ազգական չէ»:

Դիտարկմանը, որ դա սրբություն է, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Գիտեմ, որ սրբություն է, բայց վերջին շրջանում հասցրեցին ոմանք վարկաբեկել այդ քավորի սրբությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ Հրայր Թովմասյանի առնչություններին, նա ասաց. «Ես որեւէ իրավական գնահատական հիմա չեմ տա Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու իրավաչափությանը, որովհետեւ եթե մենք քաղաքական կապեր որոնեցինք, ապա ՍԴ նորընտիր դատավորի, ինքնահռչակ նախագահի հետ էլ քաղաքական կապեր կան: Բայց մենք դրա մասին չենք խոսում: Այստեղ հարցը հետեւյալն է, թե կա՞ արդյոք էական կարգապահական խախտում: Մենք կարծում ենք, որ այդպիսի խախտում չկա: Այսօր ոմանք փորձում են մեզ կապել Հրայր Թովմասյանի հետ, մենք նրա հետ կապ չունենք»: