Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ, նրանք դրա կարիքը ավելի շատ ունեն

Բարությունը հոգևոր սնունդ է բոլոր բարեպաշտ և աստվածավախ մարդկանց համար, առանց որի նրանք ապրել չեն կարող

«Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը», – ասում է Հենրիխ Հեյնեն:

Բարությունն աշխարհում ամենասպասված և աստվածային առաքինությունն է: Երանելի են նրանք, ովքեր կրում են իրենց մեջ այս աստվածային շնորհը: Բարությունն առհասարակ առողջության գրավականն է:

«Հոգու համար բարությունը նույնն է, ինչ որ առողջությունը` մարմնի. այն չի երևում, երբ ունես և ամեն դեպքում միշտ բերում է հաջողություն», – ասում է Լև Տոլստոյը:

Բարության մասին բազմաթիվ հիշատակություններ տեսնում ենք նաև Աստվածաշնչում: Այնտեղ խոսվում է մարդկային բարության դրսևորման, անսասան հավատքի, փորձությունների ճիշտ հաղթահարման և չչարանալու մասին: Օրինակ` «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ` փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Կորնթացիներ 1.10-13):

Բարությունը հոգևոր սնունդ է բոլոր բարեպաշտ և աստվածավախ մարդկանց համար, առանց որի նրանք ապրել չեն կարող: Այն անհավանական ուժ է ու շատ կարևոր է, որպեսզի այդ ուժը լինի գործող, այլ ոչ թե արտահայտվի միայն խոսքերով: Բարությունը Աստծո կողմից գնահատվող մարդկային ամենաբարձր որակն է, որի դիմաց մարդն անշուշտ կվարձատրվի:

«Փորձեք լինել մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել», – ասում է Կոնֆուցիոսը:

Շատ կարևոր է, որ բարություն սերմանվի նաև երեխաների հոգում, որովհետև յուրաքանչյուր ոք գալիս է մանկությունից, և հենց մանկությունից է ձևավորվում մարդու աշխարհընկալումը, բարու և չարի պատկերացումը:

Բարությունն իրական է, երբ հիմքում ընկած է սերը, սեր առ Աստված, մարդ, բնություն:

«Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ, նրանք դրա կարիքը ավելի շատ ունեն», – ասում է Էշլի Բրիլիանտը:

Արմեն Չաքմիշյան

Qahana.am