Բետոնով բեռնված «ՄԱԶ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վահագն Մ-ն իր վարած «Մազ» մակնիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։

Վթարի հետեւանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դեպքի վայր ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գավառի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին ճանապարհային ոստիկանները, Գավառի ոստիկաններն ու քաղաքացիները փորձում են վերաբարձ կռունկի միջոցով կողաշրջված մեքենան, որը շահագործվում է որպես «բետոնուզել», դարձի բերել եւ տեղափոխել անվտանգ վայր։