Տնտեսական վերլուծաբան Հայկ Բալանյանը տեղյակ է, որ Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ անձինք թիրախավորում են հանքի շահագործման տնտեսական նպատակահարմարությունը։ Սակայն նա Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ ինքն Ամուլսարի խնդրին չի վերաբերվում որպես տնտեսական հարց։
«Յուրաքանչյուր այլ հարց էլ, բայց ոչ տնտեսական։ Եթե տնտեսականով նայեք, ապա կարող ենք կոկայինի վաճառքով էլ զբաղվենք, բավականին շահեկան է, եթե միայն տնտեսականով նայենք»,- ասաց նա։
Բալանյանը շեշտեց՝ Ամուլսարի հանքի շահագործումն առաջին հերթին պետք է դիտարկել բնապահպանական տեսանկյունից, ապրելու, մակերևույթի պիտանելիության տեսանկյունից, ռազմական, կենսաբանական անվտանգության տեսանկյունից։ Նրան չեն բավարարում այն հայտարարությունները, թե ռիսկերը կառավարելի են։ Հայկ Բալանյանը հանքի շահագործմանը կողմ լինողներին հորդորեց ուշադիր կարդալ «Էլարդ» ընկերության փորձաքննության եզրակացությունը։
«Եզրակացությունը, եթե ուշադիր կարդանք, կտեսնենք, որ չկա բավարարող կետ, ռիսկերն էլ կառավարելի չեն։ Իսկ որ ասում են՝ պետք է ընդհանուր համատեքստում գնահատել, ասեմ, որ ինձ համար ընդունելի չէ, քանի որ չկա, թե դիվերսիայի դեպքում, երկրաշարժի դեպքում ինչ է լինելու։ Ոչ թե ես պետք է ապացուցեմ, որ հանքի շահագործումը վտանգավոր է, այլ շահագործողները պետք է մտածեն, թե ոնց ապացուցեն, որ անվտանգ է»,- ընդգծեց Հայկ Բալանյանը։
Վերջինս չի հասկանում այն մոտեցումը, թե Ամուլսարի հանքի շահագործումը հանգեցնելու է պայմանագրերի ու պետության պարտավորությունների խախտման։ Նրա խոսքով՝ լուծումn այն է, որ ամեն կետ պետք է հատ-հատ ստուգել։
«Պետք է ամեն բան ստուգել, հակառակ դեպքում Բնապահպանության նախարարությունը լուծարվի՝ օրենսդրությամբ ու հանձնաժողովով հանդերձ, որ ով ինչ ցանկանա անի, իսկ անուն էլ կդնենք, թե տնեսություն ենք զարգացնում։ Իսկ քաղցկեղի համար բուժման ծախսերն ո՞վ է հաշվելու»,- շարունակեց տնտեսագետը։
Հայկ Բալանյանը դեմ չէ հանքարդյունաբերությանը, նա դեմ է, ինչպես ինքը որակեց, «թալանչիական ու վտանգավոր պայմանագրերին», որոնք անվտանգության երաշխիքներ չեն պարունակում։
«Կարող ես հանքարդյունաբերություն ունենալ, եթե վստահ ես ապագայի վերաբերյալ, որ թե 10 տարի հանքը շահագործես, ինչ է լինելու։ Եթե 10 տարի հետո հանքի տերը, ՍՊԸ-ն չլինեն ու պարզվի՝ վտանգավոր է, հետևանքների գումարները մնալու են պետության կամ մարդկանց առողջության վրա։ 10 տարի հետո այս հիմնարկը չի լինելու, քանի որ իր ոսկին քամելու է ու գնա, էս ժամանակ ո՞ւմ են դիմելու, ի՞նչ են անելու»,- նշեց Բալանյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իշխանության ներսում տարակարծություն կա։ Ավելին՝ նա գտնում է, որ եթե իշխանությունը հանքը շահագործելու որոշում կայացնի, ապա իրենց դեմ է աշխատելու, քանի որ հակաիշխանական ուժերն օգտագործելու են փաստն իշխանության դեմ՝ անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեն հանքարդյունաբերության հետ կապված։
0Comments