Եթե այս թիմը չունենա պատշաճ հակակշիռներ, կդառնա սովորական բռնապետություն

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը` արձագանքել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը այն դատավորի մասին, որն իր դեմ վճիռ է կայացրել

Հիանալի օրինակ, որ եթե այս թիմը չունենա պատշաճ հակակշիռներ, կդառնա սովորական բռնապետություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը` արձագանքելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը այն դատավորի մասին, որն իր դեմ վճիռ է կայացրել:

«Հիանալի օրինակ, որ ցանկացած ոչ հաճո դատական ակտից հետո «նեղացկոտ» պաշտոնյաները հրապարակավ սպառնում են «վեթինգով» (իրականում իհարկե նկատի ունեն դատավորին իր վճռի համար պատժելը)։

Հիանալի օրինակ, որ եթե այս թիմը չունենա պատշաճ հակակշիռներ, կդառնա սովորական բռնապետություն։

Հիանալի օրինակ, որ «մանկապարտեզային» իրավական մշակույթ ունեցող քաղաքական թիմին պետք է հեռու պահել պետական ինստիտուտների նկատմամբ «վիրահատական միջամտություններից»։

ՀԳ-1. Դժգո՞հ եք (դեպքերի երևի 90%-ում կողմերից մեկը դժգոհ է մնում) - խնդրեմ, բողոքարկեք։ Գուցե ճիշտ եք, և վերադաս դատարանը կբավարարի ձեր բողոքը։ Ի՞նչ է եղել որ։ Առավել ևս՝ բարձրակարգ փաստաբան ունեք։

ՀԳ-2. Ի դեպ, իմ անձնական կարծիքով, նշված դատավորը շատ ավելի լավ հանրային ծառայող է, քան նշված նախարարը։ Մի պահ հիշենք, թե ո՛ւմ տեղակալի նկատմամբ են մեղադրանք առաջադրել կաշառքի համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին դատարանը, նախագահությամբ  դատավոր Սարգիս Երիցյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից։ Այդ վճռից հետո Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից...

Իսկ մնացածի մասին փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում»։

Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Սարգիս Երիցյանը դատարանների արգելափակման ակցիայից վախեցածներին խորհուրդ էր տվել «իսկույն չիշիկ խմել»։