Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին: Մենք անապատացնում ենք նաև Արարտյան դաշտը և առայժմ չի երևում, որ գործող իշխանությունները մտադիր են այն նախ դանդաղեցնելու, ապա նաև վերականգնելու քայլեր ձեռնարկել: Մտածում եմ, որ եթե, օրինակ, դրամահավաք սկսենք «Լիդիանին» տրվելիք տուգանքը վճարելու համար, ո՞վ պիտի խանգարի:
Եթե գործող իշխանությունը շահագրգռված չէ Ամուլսարի հանքահանությունում՝ առնվազն չպիտի խանգարի: Որպեսզի չխանգարի, առնվազն պիտի հետաձգի հանքահանությանը դրական որոշում տալը, մինչև հանգանականության արդյունքը պարզվի: Ենթադրենք մեկ տարի ենք սահմանում հանգանակության համար: 700 միլիոն հավաքելու համար 7 միլիոն մարդուց 100-ական դոլար է պետք: Եթե հարյուր մարդ գտնվի, ովքեր 1 ական միլիոն զոհաբերեն, դա կլինի ընդամենը հարյուր միլիոն:
Հայաստանի բնակչությունից լավագույն դեպքում հնարավոր կլինի հավաքել ևս նույնքան, եթե միջին հաշվով յուրաքանչյուր չափահաս մարդ 100-ական դոլար զոհաբերի: Կարելի է հուսալ, որ որոշ ձեռներեցներ իրենց վրա կվերցնեն անվճարունակների վճարը: Հաջորդ քայլը՝ դատի տալ ՀՀ կառավարության այն կազմին, ովքեր որպես հիմք ընդունել են «Լիդիանի» հետ պայմանագիր կնքելու ՇՄԱԳ-ի դրական որոշումը և նրանցից յուրաքանչյուրի վրա խոշոր տուգանքներ դրվեն: Սա վեթինգ կոչվածի տրամաբանության շրջանակներում է և, ի դեպ, նաև նախազգուշացնող քայլ կլինի կառավարության ներկա կազմի հետագա աշխատանքների համար:
Այս ամենին զուգահեռ դիմենք բնապահպանական միջազգային շարժումներին, աշխարհի տարբեր երկրների Կանաչների կուսակցություններին, Ռիո դը Ժանեյրոյի համաձայնություններին միացած երկրներին, խնդրենք միանալ մեր հանգանակությանը, մեր լուրջ պրոբլեմը դարձնենք շատերի պրոբլեմ, հավաքենք այդ անիծյալ «Լիդիանին» տրվելիք գումարը և, միաժամանակ, հասկանանք՝ կապ ունի՞ Ամուլսարի հանքահանության խնդիրը մեր հեղափոխության հետ»:
0Comments