Վարչապետը խոստացավ, որ Ջերմուկում կհանդիպենք, երկար քննարկելու թեմա ունենք: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով քննարկումից հետո լրագրողներին ասաց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:
«Հանդիպումը կարճ տևեց, վարչապետը շտապ էր, հանդիպումներ ուներ, խոստացավ, որ կհանդիպենք Ջերմուկում, երկար քննարկելու թեմա ունենք: Ես փորձագետ չեմ, մասնագետ չեմ: Դեռ հստակ չշեշտվեց, որ պետք է շահագործվի, դեռ կլինեն քննարկումներ», - ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ ջերմուկցիները տարբեր տեսակետներ ունեն հանքը շահագործել-չշահագործելու հետ կապված, սակայն հիմնականում չեն ցանկանում` հանքը շահագործվի. «Բնական է, որ չեն ուզում աշխատի»:
Իսկ թե անձամբ ինքն ի՞նչ տեսակետ ունի՝ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կողմ է բնակիչների կարծիքին:
«Ես որպես համայնքի ղեկավար՝ կողմ եմ իմ բնակիչներին: Ես ծնվել եմ Ջերմուկ առողջարանային քաղաքում, իմ ծնողներն աշխատել են Ջերմուկ առողջարանային քաղաքում: Մեզ համար անհասկանալի է հանքարդյունաբերությունը համատեղել առողջարանային քաղաքի հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:
Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել ցուցարարներին, այդ թվում բնապահպաններ Անի Խաչատրյանին, Գեղամ Ադյանին: Քաշքշոցի ընթացքում գետնին է տապալվել քաղակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
0Comments