Անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ վերջին երկու ամիսներում ծավալված պայքարին` մտահոգվեցի այն հարցով, թե ովքեր են կանգնած նրա հրաժարականը պահանջողների թիկունքում / միանշանակ պարզ է, որ հայր Կորյունն ընդամենը արբանյակ է այդ շարժման մեջ / և արեցի որոշ եզրակացություններ:
Հիշենք Արևմուտքում 2000-ական թվականների սկզբին հայտնի դարձած ամերիկացի քաղաքագետ և հրապարակախոս Ջոզեֆ Օվերտոնի ստեղծած համակարգի արդյունքում ամերիկյան քաղաքացիական օրենքներում առաջացած փոփոխությունները: Նրա համակարգը ստացավ «Օվերտոնի պատուհան» անունը: Եթե մինչև «Օվերտոնի պատուհանը» հասարակության մեջ տեղ գտած այս կամ այն երևույթը քննարկման արդյունքում նշանակալի գնահատական չէր ստանում կամ այդ գնահատականը շատ ուշանում էր, ապա հիմա գնահատականի հարցը հեշտացավ:
Նախ` «Օվերտոնի պատուհանը» երևույթի գնահատականի չափանիշ վերցրեց պետության և հասարակության համար նպատակահարմարությունը, այլ ոչ թե դարերով մշակված բարոյական, մշակութային և հոգևոր նորմերը, որոնք սնվում էին Ավետարանի պատվիրաններով: Մի որևէ երևույթ քննարկելիս այն անցնում էր այսպիսի փուլեր` անկարելի է – տանելի է – տրամաբանական է – ստանդարտ է – գործող նորմ է: Եթե երևույթը գործող նորմի սանդղակում է, այն դառնում է օրենք:
Բնական է, որ որոշ ուժեր ամեն ինչ անում էին, որպեսզի որևէ ձեռնտու երևույթ անկարելի սանդղակից գնա մինչև գործող նորմի սանդղակ և օրենքով հաստատվի: «Օվերտոնի պատուհան»-ի գործելուց հետո Արևմուտքում տեղի ունեցան «մեծ հրաշքներ»: Նախ տարբեր երկրների իշխանություններ ընդունեցին օրենք միասեռականների ամուսնությունները գրանցելու մասին, քանի որ միասեռականությունը Եվրոպայի և Ամերիկայի շատ երկրներում դարձել է ստանդարտ երևույթ /գիտակցության ստերեոտիպ/ և այնուհետև` նորմա: Ընդհանուր օրենքների մշակման և ընդունման հարցում մեծ դեր կատարեց, բնականաբար, Եվրախորհրդի առկայությունը: «Օվերտոնի պատուհան» -ին նման համակարգեր և չափորոշիչներ մշակելով` Եվրոպան իր քաղաքացիական օրենքների մեջ ևս մեծ «հրաշքներ» գործեց: Քաղաքացիական օրենքի կողմից միասեռականների ամուսնությունների գրանցումը մեծ «հրաշքներ»-ի դաշտ ստեղծեց նաև եվրոպական և ամերիկյան եկեղեցիներում: 2000 թվականների սկզբից հոգևոր դաշտում կարծես ամբարտակը փլվեց և վարար գետը հոսեց: Ես ուղղակի ներկայացնեմ արևմտյան եկեղեցիների ռեֆորմային փոքրիկ ժամանակագրություն.
1997 թվականից Դանիայի եկեղեցին պարզապես օրհնում էր միասեռականների պսակը, բայց խորհուրդ չէր կատարում:
Հոլլանդիայի բողոքական եկեղեցիները 2004 թվականին որոշում կայացրին պսակել միասեռական զույգերին:
Շվեդիայի եկեղեցական ժողովը 2005 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում կայացրեց օրհնել արվամոլների պսակը: Այն ուժի մեջ մտավ 2009 թվականի նոյեմբերի 1-ից: Նոյեմբերի 8-ից Ստոկհոլմի եպիսկոպոս դարձավ բացահայտ գործող լեսբուհի Եվա Բրուննեն:
2007 թվականին Գերմանիայի ավետարանական եկեղեցին որոշում կայացրեց պսակել արվամոլ զույգերին: Սակայն անհամաձայնությունների, բողոքների պատճառով առաջին արվամոլ զույգի պսակը տեղի ունեցավ միայն 2013 թվականին:
2009 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ավետարանա-լյութերական եկեղեցին, որի մեջ մտնում է լյութերականների մեծ մասը, որոշում կայացրեց օրհնել միասեռ ամուսնությունները: Միսսուրիի և Վիսկոնսինի հավատացյալները դեմ կանգնեցին այդ որոշմանը:
2009 թվականի նոյեմբերից Շվեդիայի լյութերական եկեղեցին սկսեց պսակել միասեռականներին:
2009 թվականին Կանադայի ավետարանա-լյութերական եկեղեցին որոշում կայացրեց օրհնել միասեռ ամուսնությունները և արվամոլ երեցներին:
2013 թվականի մայիսին Իտալիայի ավետարանա-լյութերական եկեղեցու սինոդը որոշում կայացրեց օրհնելու միասեռ զույգերին: Ինչպես ասաց սինոդի նախագահ Քրիստիան Գրյոբենը. «Օրհնությունը հնարավորություն կտա զույգերին պատասխանատվություն կրելու իրենց հարաբերությունների մեջ` Աստծո օգնությամբ»:
2014 թվականին Շոտլանդիայի եկեղեցին թույլատրեց արվամոլներին և լեսբուհիներին քահանա ձեռնադրել:
2015 թվականին միասեռականների ամուսնությունը օրինականացվել է ԱՄՆ-ի ողջ տարածքում: Այսօր միասեռականների ամուսնություն գրանցվում է ԱՄՆ-ի 19 նահանգների բողոքական եկեղեցիների մեծ մասում:
Մեքսիկայում 2015 թվականին քաղաքացիական օրենքը հանեց արգելքը միասեռականների ամուսնության գրանցման վրայից:
Ֆրանսիայի բողոքական եկեղեցին 2015 թվականի մայիսի 15-ին թույլատրեց միասեռականների ամուսնության օրհնությունը:
2016 թվականի ապրիլի 11-ին Նորվեգիայի եկեղեցիների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում ընդունեց թույլատրել միասեռականների ամուսնությունը եկեղեցում:
2017 թվականի հունիսի 8-ին Դանիայի պառլամենտը օրենք ընդունեց, ըստ որի երկրի բոլոր եկեղեցիները պարտավոր են պսակել արվամոլ զույգերին: Ի դեպ, Դանիան Եվրոպայում առաջինն էր, որ 1989 թվականին թույլատրեց օրենքով պսակել արվամոլներին:
Ֆինլանդիայի եկեղեցին դեռևս չէր ընդունել որոշակի որոշում այդ հարցում, սակայն հովիվների երկու երրորդը կողմ էին միասեռականների պսակի օրհնությունն ընդունելուն: Եկեղեցու պասիվ վերաբերմունքն այդ հարցում առաջացրին արվամոլների և լեսբուհիների զանգվածային բողոքներ:
Վերջապես 2017 թվականի մարտի 1-ին Ֆինլանդիայի լյութերական եկեղեցու առաջնորդ Կարի Մյակինենի գլխավորությամբ օրենքը ընդունվեց: Միասեռականներին ողջունող ճառի մեջ Կարի Մյակինենն ասել է. «Դուք ինձ շատ բան սովորեցրիք և ցույց տվեցիք մեզ Աստծու կողմից շնորհած կյանքի ու սիրո հարստությունն ու բազմազանությունը: Շնորհակալ եմ Աստծուն այն բանի համար, որ դուք կաք»: Այդ որոշման պատճառով 523 հավատացյալ լքեց եկեղեցին:
Մեծ Բրիտանիայի և այլ երկրների անգլիկան եկեղեցին բաժանված է մասերի: Մի մասը 2000 թվականից հետո առանց բացահայտ օրենքի օրհնում է միասեռականների ամուսնությունը` բարձրաստիճան կին եպիսկոպոսի հովանավորությամբ:
Հայ առաքելական եկեղեցու կապակցությամբ բազմիցս լսել եմ բարեփոխումների պահանջի մասին: Այդ մասին ժողովրդի մեջ տարբեր խոսակցություններ կան: Ոմանք ասում են` եկեղեցին օրենքներով հնացել է, ետ է մնում արևմտյան օրենքներից, ոմանք նորամուծություններ են պահանջում անել ծիսակարգում` այնպես, ինչպես ընդունված է Արևմուտքում: Վերջիվերջո Եվրոխորհուրդ ընդունվելու հարցում Հայ եկեղեցին որոշակի խոչընդոտ է հանդիսանում «եվրոպական արժեքների» ներմուծման և վերջին օրենքների մեզ մոտ ևս ընդունման հարցում:
Տեղեկացնեմ, որ եվրոպական պետությունների օրենքների ընդունման օրակարգում դրված է ինցեստի հարցը / ներընտանեկան սեռական կապեր և դրանց օրինականացում պետության կողմից /: 2016 թվականին Դանիայի պառլամենտը լյութերական եկեղեցուց պահանջեց քննարկել եկեղեցում քրոջ և եղբոր պսակի հարցը: Եպիսկոպոսների և երեցների միջև, ըստ տեղեկությունների, մեծ վեճ տեղի ունեցավ: Չգիտեմ` ինչով վերջացավ այդ ամենը, բայց համոզված եմ, որ Եվրախորհուրդը ինցեստն էլ կօրինականացնի: Դա ընդամենը ժամանակի հարց է:
Մեր եկեղեցին «ետ է մնում» եվրոպական արժեքներից: Որպես «հետամնաց» եկեղեցի` իր բացասական բնորոշումն ունի արևմտյան աշխարհում: Ահա, թե ինչ է ասում գերմանացի սոցիոլոգ Հանս Կրաֆտիգը. «Հայ եկեղեցին ետ է մնացել իր օրենքներով և լուրջ սպառնալիք է հանդիսանում արևմտյան դեմոկրատիայի համար: Եվրոպայի պարտքն է ամեն կերպ լուսավորել հայ ժողովրդին և կրթել նրան եվրոպական արժեքներին համապատասխան»: Թե ինչ սպառնալիք է ներկայացնում իրենից Հայ եկեղեցին, կարելի է միայն ենթադրել: Պոռնիկ կինը և սրբակենցաղը չեն կարող մի տան մեջ ապրել, իրենցից ընտանիք չի ստացվի: Հայ եկեղեցին իր օրենքներով ինքնին ամոթանք է արևմտյան եկեղեցիների համար և գայթակղություն:
Պատկերացրեք` ինչ մեծ հարված կլինի ավանդապահ ուղղափառ եկեղեցիներին, երբ իր ուղուց շեղվի, իրենց պիղծ ռեֆորմներին ընդառաջ գնա մի եկեղեցի, որ հանդիսանում է առաջինը, քրիստոնեության ավանգարդը, որը մեծագույն խաչ է տարել դարերի ընթացքում Քրիստոսի հանդեպ իր հավատարմության համար: Սա, ըստ երևույթին, իրենց համար շատ կարևոր է: Դեռևս երկու տարի առաջ անգլիկան եկեղեցու մի ճյուղ ցանկություն հայտնեց միանալ Հայ առաքելական եկեղեցուն: Իրենց խնդրանքին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանեց, որ Հայ եկեղեցին համաձայն կլինի միայն այն դեպքում, եթե անգլիկան եկեղեցին կանանց հոգևորական չօծի և դադարեցնի արվամոլներին պսակելը: Բնականաբար նրանք չհամաձայնեցին: Սակայն, չհրաժարվելով Հայ եկեղեցին խելքի բերելու իրենց փորձերից, արևմտյան որոշ ուժեր պարբերաբար ջանում են ներխուժել մեր քաղաքացիական և հոգևոր օրենքների մեջ, որպեսզի մեզ էլ ներքաշեն համաշխարհային կործանման մեջ:
Թավշյա հեղափոխությունից հետո այդ փորձերից մեկը եղավ հանրահռչակ երգիչ Էլթոն Ջոնի «բարեգործական» այցը Հայաստան: Ես կարծում եմ` հենց այնպես չէր, որ նա հրապարակայնորեն և անամոթաբար հայտարարեց, որ ամուսնու հետ է եկել: Արևմուտքն ուզում էր ստուգել հայ հասարակության արձագանքն այդ խոսքի վրա: Եվ նա ստացավ. Հայ եկեղեցին անմիջապես բացասականորեն արձագանքեց, իսկ ժողովուրդը, ի պատասխան նրա ամուսնու մասին խայտառակ հայտարարությանը, դիմավորեց իր վրա ձվեր նետելով և ամոթալի խոսքեր, լուտանք թափելով: Անմիջապես դրանից հետո սկսվեց կաթողիկոսի դեմ շարժումը, որի մեջ ընդգրկված են հոգևորական / այժմ կարգալույծ /, միասեռականներ, աղանդավորներ և արևմտյան գործակալներ:
Արդեն շատերի համար է ակնհայտ այն, որ պայքարը կաթողիկոսի դեմ չէ, այլ Հայ եկեղեցու: Վերջին դարերի բոլոր հեղափոխությունների արդյունքում պայքար է սկսվել նաև եկեղեցու դեմ` որպես հին կյանքի ներկայացուցչի, համակարգի, որը, ըստ հեղափոխականների, պաշտպանել է տիրող կարգերը:
1917 թվականի հեղափոխությունից հետո էլ սկսվեց պայքար և հալածանք եկեղեցու դեմ: Միայն Հայ առաքելական եկեղեցին տվեց շուրջ 4000 զոհ և աքսորական հենց հոգևորականների մեջ: Մնացած հոգևորականների և հենց Գևորգ 5-րդ կաթողիկոսի դեմ սկսվեց մի շարժում, որ ստացել է «Ազատ եկեղեցական շարժում» անունը: Այնտեղ կային բարձրաստիճան հոգևորականներ և մարդիկ, ովքեր բարեփոխումների կոչ էին անում, պահանջում էին փոխել եկեղեցու օրենքները: Նրանց բոլորի ետևում կանգնած էր բոլշևիկյան կառավարությունը, որի նպատակն էր քանդել եկեղեցին կամ գոնե վերածել իր դրածոյի, կամակատարի:
Նորօրյա շարժման ետևում կանգնած արևմտյան ուժերի համար միևնույն է, թե ով կլինի կաթողիկոս, կարևորը նա եկեղեցին հարմարեցնի արևմտյան դեմոկրատիայի չափորոշիչներին, առաջնորդվի դրանցով: Բայց Հայ առաքելական եկեղեցին արևմտյան եկեղեցիների նման Աստծուն չի հարմարեցնում իրեն, Հայ եկեղեցին մի կողմ չի նետել Աստվածաշունչը և չի շարժվում նպատակահարմարությամբ, մարդահաճո, ամբոխահաճո քաղաքականությամբ: Նա ենթարկվում է աստվածային օրենքներին և հավատացյալներից պահանջում է նույնը: Իսկ օրենքը չի փոխվել, ինչպես դարերի ընթացքում անփոփոխ է Աստված: Օրենքն ասում է. «Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է /Ղևտացվոց 18:22/», և ապա. «Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն: Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև հանցավոր են /Ղևտացվոց 20:13/»: Մի ուրիշ տեղում կարդում ենք. «Արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ: Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը: Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն` լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ, լինեն բանսարկու, չարախոս, աստվածատյաց, անարգող, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող, անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ: Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այդպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին /Հռոմ. 1:27-32/»: Եվ որպես հավելում բերեմ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին թղթից մի հատված. « Մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ /Ա Կորնթ․6։9-11/»։
Նշենք, որ բոլոր այն ժամանակներում, երբ Աստված դատաստան բերեց մարդկանց վրա / Նոյի ջրհեղեղը, Սոդոմ-Գոմորի կործանումը, Հեսու Նավեի գլխավորությամբ հրեաների կողմից Քանանի քաղաքների գրավումը և տեղաբնակների կոտորածը /, բարոյական – հոգևոր օրենքները խախտվել էին, քաղաքակրթությունը անցել էր թույլատրելիի սահմանները, «օվերտոնների պատուհանները», «դեմոկրատական բարեփոխումները» քաղաքացիական, հոգևոր, բարոյական միջավայրերում, շարժեցին Աստծո զայրույթը և ստիպեցին իրեն դաժանորեն միջամտել մարդկային կյանքին: Իրեն կուրորեն գամ գիտակցաբար կործանման դատապարտող Արևմուտքը մեզ էլ է ուզում ներքաշել քաոսի մեջ:
Նրանց, ովքեր ապրում են մեր սուրբ նախնիների պատգամներով, նրանց, ովքեր մտահոգված են մեր եկեղեցու ապագայով, որ նույն է, ինչ մեր ազգի ապագայով, ընդհանրապես գոյությամբ, նրանց կոչ եմ անում անտարբերության չմատնել այն ամենը, ինչ կատարվում է մեր եկեղեցու շուրջ։
Անտարբերությունը մեծագույն չարիք է, անտարբերությունը սկիզբն է մահվան։ Այլևս հույս չունենալով, որ նորօրյա իշխանությունները պաշտպան կկանգնեն մեր հայ աշխարհի հոգուն՝ Հայ առաքելական եկեղեցուն, իմ խոսքն եմ ուղղում ձեզ՝ հայ եղբայրներ և քույրեր, երիտասարդներ, Գրիգոր Լուսավորչի աթոռի հետևորդներ, Միածնի Աթոռի ժառանգներ, միավորվեք։
Թովմա քահանա Անդրեասյան
0Comments