Ֆրանսիայում Նոտր Դամի հրդեհից հետո կապարով աղտոտվածության մասին հայց են ներկայացրել

Հայցում ընկերությունը մատնանշում է «իշխանությունների հանցավոր անգործունությունը, որը վտանգի է ենթարկել մարդկանց առողջությունը, ինչպես նաև այն, որ օգնություն չի ցուցաբերվել» նրանց, ովքեր հայտնվել են վտանգի գոտում

Ֆրանսիական Robin des bois էկոլոգիական ասոցիացիան հայց է ներկայացրել չպարզված անձանց դեմ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքի շուրջ տարածքի կապարով աղտոտվածության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Le Monde-ին։

Հայցում ընկերությունը մատնանշում է «իշխանությունների հանցավոր անգործունությունը, որը վտանգի է ենթարկել մարդկանց առողջությունը, ինչպես նաև այն, որ օգնություն չի ցուցաբերվել» նրանց, ովքեր հայտնվել են վտանգի գոտում։ Բացի հարակից թաղամասերի բնակիչներից, վատ են տեղեկացված եղել նաև նրանք, ովքեր  աշխատել են փլատակները մաքրելու վրա, նշում են կազմակերպության ներկայացուցիչները։ «Երեք ամսում մենք հավաքել ենք իշխանությունների իներտության բավականաչափ ապացույցներ, որպեսզի որոշում կայացնեինք հայց ներկայացնելու համար»,- ասել է Robin des bois-ի ներկայացուցիչ Ջաքի Բոնմենը։

Թերթը նշում է, որ ասոցիացիան առաջինն է հրապարակել տեղեկատվություն Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի վտանգավոր հետևանքների մասին, որտեղ ապրիլի 15-ին մոտ 400 տոննա կապարե թիթեղներ, որոնք ծածկում էին նրա տանիքը, հալվել են, իսկ դրանց փոքր մասնիկները տարածվել են շրջակա թաղամասերում։ Առողջապահության շրջանային ասոցիացիաները, ինչպես նաև Փարիզի քաղաքապետարանը ևմայրաքաղաքի պրեֆեկտուրան հավաստիացնում են, որ ամենասկզբից էլ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, իսկ տեղեկատվությունը մատուցվել է առավելագույն թափանցիկությամբ։

Անհանգստություն բանվորների համար

Ասոցիացիայում նշում են, որ դեռ մի քանի շաբաթ առաջ բանվորները, որոնք գտնվում էին հրդեհի բովում, շնչառական դիմակներ չեն կրել, իսկ մունիցիպալ ծառայողներն օկրուգում փողոցներն ավլում են առանց որևէ պաշտպանության։ Միայն հինգշաբթի է մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի պրեֆեկտ Միշել Քադոն կարգադրել դադարեցնել օբյեկտի աշխատանքները եւ բուժզննում անցնել բոլոր աշխատողներին։

Միևնույն ժամանակ, ինչպես հիշեցնում է պարբերականը, անմիջապես Փարիզի Աստվածամոր տաճարի շուրջ հանրության համար փակ տարածքում կապարի խտությունը հասնում է 500 հազար միկրոգրամի մեկ քառակուսի մետրի համար, այն դեպքում, երբ, օրինակ, Սեն Միշել շատրվանի մոտ շարունակում են զբոսնել զբոսաշրջիկները, թեև այնտեղ էլ խտությունը բավական բարձր է՝ 20 հազար միկրոգրամ մեկ քառակուսի մետրի համար։ Չնայած իշխանությունները խոսում էին «առողջության համար կապարի ոչ վտանգավոր» խտության մասին մեկ քառակուսի մետրի համար 5 հազար միկրոգրամ առանձին շրջաններում, հենց այդ ցուցանիշների պատճառով էլ արձակուրդների ժամանակ անորոշ ժամկետով փակվեցին երկու դպրոցներ Փարիզի VI օկրուգում։

« Հայտնաբերված քանակությունները պարզապես հսկայական են։ Դա համեմատելի է այն բանի հետ, ինչը կարելի է տեսնել մարտկոցների և կուտակիչների կամ կենցաղային տեխնիկայի վերամշակման գործարանների մաքրիչ շինություններում»,- թերթը մեջբերում է Առողջության եւ բուժհետազոտությունների ֆրանսիական ազգային ինստիտուտի (Inserm) հետազոտական խմբի ղեկավար Աննի Թյեբո-Մոնիի խոսքերը։

Շրջակա միջավայրի աղտոտումը

Թեեւ Airparif պետական ասոցիացիան, որը պատասխանատու է  մայրաքաղաքի շրջանում օդի մաքրության մոնիթորինգի համար, չի նշել հրդեհից հետո օդում կապարի մասնիկների առկայության մասին, Robin des bois-ում նշում են, որ նրա միակ կայանը, որը կարող է չափել նաեւ կապարի կոնցենտրացիան, գտնվում  է XVIII շրջանում ՝ Փարիզի հյուսիսում, մինչդեռ հրդեհի օրը արեւմտյան քամի էր: Այնուամենայնիվ, մոնիթորինգային ծառայությունը հայտնել է Լիմե կոմունայում չափազանց ոչ բնորոշ ցուցանիշների մասին Փարիզից 40 կմ դեպի արեւմուտք՝ մեկ խոր մ-ում 0.108 մկգ՝ XVIII շրջանի 0,003-ի դիմաց:

Կազմակերպությունը նշել է, որ նման պայմաններում աղտոտումը կարող է նկատվել հրդեհի շլեյֆի ողջ գոտում, սակայն չի հրապարակել տեղում կատարված չափումների տվյալները:

Եվս մեկ կետ, որը առաջացնում է հայցվորների մտահոգությունը դա Սենա գետի աղտոտումն է, որի շրջանում գտնվում են Սիտե կղզին եւ անմիջապես տաճարը:

Մասնավորպես Բոնմենը մատնանշում է այն, որ աղտոտված ջուրը կարող էին օգտագործել քաղաքային փողոցների մաքրման համար, ինչպես նաեւ հիշեցնում, որ Աշեր կոմունայում կոյուղաջրերի մաքրման կայանը, որը վերամշակում է բոլոր կոյուղաջրերեի 60 տոկոսը, հրդեհից հետո հուլիսի սկզբից չի գործում, ինչի հետեւանքով գետում հայտնաբերված հազարավոր ձկներ սատկել են:

«Ես չեմ զարմանա եթե մի քանի ամսից հրդեհի հետքերը հայտնաբերենք Սենայի ծովախորշում», - ընդգծել է նա:

Ապրիլի 15-ի երեկոյան Նոտր Դամի տաճարում հրդեհ էր բռնկվել, հրդեհը ամբողջությամբ հաջողվել էր մարել էմիայն հաջորդ առավոտյան: Նախնական տվյալներով՝ բռնկումը տեղի էր ունեցել տաճարի սրածայր աշտարակի շրջանում մինչ օրս չպարզված պատճառներով: Կրակն ամբողջությամբ ոչնչացրել էր փայտե տանիքը եւ սրածայր աշտարակը, որն ընկել էր քարե կամարի վրա եւ երեք տեղից վնասել այն: Աշտարակի մի մասն այրվել էր արդեն տաճարի հատակին: