Դիվանագիտական կորպուսի վեթինգն ուղղակի անխուսափելի է

Հայաստանի դիվանագիտական կորպուսը վերածվել է գործող քաղաքական իշխանության համար յուրայիններին պարգևատրելու, սիրաշահելու, անգործ չթողնելու համակարգի

««Հետք» էլեկտրոնային պարբերականը հանդես է եկել ծավալուն հետաքննական հրապարակմամբ, որում ներկայացվում են արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանների՝ զինվորական ծառայությունից խուսափած որդիների պատմությունները։

Պատկերը ըստ էության սահմռկեցուցիչ է. մեկ տասնյակից ավելի (այն դեպքերն են, որոնք լրատվամիջոցը կարողացել է ճշտել բաց աղբյուրներից) դեսպանների որդիներ զինվորական ծառայությունից ազատվել են կա՛մ առողջական, կա՛մ ուսումնառության հիմքով։ Սեփական որդիներին զինծառայությունից ազատելը Հայաստանի դեսպանների բազմաթիվ արտոնություններից մեկն է միայն, գուցե ամենահամեստը։
Խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի դիվանագիտական կորպուսը վերածվել է գործող քաղաքական իշխանության համար յուրայիններին պարգևատրելու, սիրաշահելու, անգործ չթողնելու համակարգի, ինչի արդյունքում մեր դեսպանական համակարգը համալրվել է ամենատարբեր դեմքերով, որոնցից շատերը որևէ աղերս չունեն արտաքին քաղաքականության ու դիվանագիտության հետ։

Տարիներ ի վեր դիվանագիտական կորպուսը կատարել է տարբեր պաշտոնյաների որդիներին, փեսաներին կամ զարմիկներին ներկայանալի աշխատանքի տեղավորելու միջոց։ Եվ ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ նախկին համակարգի՝ այդ սկզբունքով նշանակված դեսպանների մեծ մասը, նախկին իշխանության որդիներն ու փեսաները մինչև այսօր էլ շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։

Այս իրավիճակն անթույլատրելի է, քանի որ այսպիսի կադրային բազայով հնարավոր չէ երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնել։ Պետք է ամբողջությամբ մաքրել, զտել դիվանագիտական համակարգը՝ այն լիովին համապատասխանեցնելով նոր Հայաստանին։
Այդ նպատակով ես առաջիկայում հանդես եմ գալու Հայաստանի դիվանագիտական համակարգը վեթինգի ենթարկելու նախաձեռնությամբ։ Այն պետք է վերաբերի առանց բացառության բոլոր դեսպաններին՝ ինչպես կադրային դիվանագետներին, այնպես էլ քաղաքական նպատակահարմարությամբ որպես դեսպան նշանակվածներին։ 

Հայաստանն ունի արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ։ Հայաստանն ունի Արցախի հիմնախնդիր ու ապրում է շրջափակման պայմաններում։ Հայաստանն ունի աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներին ու փոփոխություններին ադապտացվելու, մեր պետական շահերը այդ զարգացումներում հավուր պատշաճի պաշտպանելու խնդիր...

Սրանք արտաքին քաղաքական մարտահրավերների ու խնդիրների շատ աննշան մասն են միայն, սակայն բավարար են՝ պատկերացնելու համար, թե ինչ ծավալի ու ինչպիսի մասնագիտական որակների ախատանք է պահանջվում մեր դիվանագիտական կորպուսից։ Ակնհայտ է, սակայն, որ գործող դեսպանների համակարգով, նախկին հանցավոր ռեժիմի օրոք նշանակված ու այդ ռեժիմի սպասարկմանը ծառայած դիվանագետներով այդ խնդիրները չեն կարող լուծվել։

Եվ ուրեմն, մեզ անհրաժեշտ է դիվանագիտական համակարգի կադրային բազայի արմատական բարեփոխում, մեզ անհրաժեշտ են նոր դիվանագետներ, նոր կադրեր, որոնք ի զորու կլինեն սպասարկելու նոր Հայաստանի արտաքին քաղաքական շահերը։ 

Զավեշտալի, բայց նաև ողբերգական է այն իրողությունը, որ նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնում են նախկին իշխանության կնքահայրերի զավակներն ու փեսաները։
Արտահայտված լինելով առանձին անձերով ու դեմքերով՝ այս խնդիրն այդուհանդերձ համակարգային է և կարող է կարգավորվել միայն համակարգային լուծումներով։ Ուստի, ինչպես վերը նշեցի, դիվանագիտական կորպուսի վեթինգն ուղղակի անխուսափելի է, և ես ամեն ինչ անելու եմ օրենսդրական և այլ կարգավորումների միջոցով այն իրականություն դարձնելու համար»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: