Մեծանալու փաստն ինձ բարկացնում է

Հասմիկ Կարապետյանը՝ 42-ամյակին սիրելիի անակնկալի և երկրորդ երեխան ունենալու ամուսնու ցանկության մասին

Հասմիկ Կարապետյանն երեկ դարձավ 42 տարեկան։ Երգչուհին տարեդարձը նշել չի սիրում, սակայն ասում է, որ կարողանում է ամեն տարի յուրահատուկ անցկացնել օրը: Tert.am Life-ը Հասմիկի հետ զրուցել է այսօրվա ծրագրերի, ամուսնու անակնկալի և երբևէ ունեցած ամենահիշարժան տարեդարձի մասին։

Հասմիկ

«Այսօր չեմ նշելու տարեդարձս, որովհետև դեռ ամիսներ առաջ այս օրը նշանադրության մասնակցելու հրավեր էի ստացել և խոստացել էի գնալ։ Իհարկե, կարծում եմ՝ այնտեղ կանդրադառնանք իմ տարեդարձին, բայց, որպես այդպիսին, հատուկ չեմ նշելու օրը»,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ տարեդարձ նշել առհասարակ չի սիրում։

Ըստ երգչուհու՝ չնայած տարեդարձը չնշելու իր ցանկությանը, ամեն դեպքում, ամեն անգամ օրը յուրահատուկ է անցկացնում․ «Ամեն տարի յուրովի է իր տխրությամբ, ուրախությամբ, մենակությամբ ու, գուցե, ընկերակցությամբ։ Չեմ սիրում տարեդարձներս, որովհետև մեծանալու փաստն ինձ բարկացնում է»։

Հասմիկ

Հասմիկն ասաց, որ այս տարի առաջին շնորհավորնքները ստացել է սոցցանցային էջում, վիրտուալ տիրույթից դուրս առաջին շնորհավորանքը եղել է ամուսնու կողմից։

«Քանի որ աշխատանքային օր է, ամուսինս դեռ միայն ծաղկեփնջի տեսքով է հասցրել անակնկալ մատուցել ինձ: Ամեն ինչ նախապես ծրագրել էր, ավելի ուշ նա աշխատանքի գնաց: Բնականաբար, ընթացքում կլինեն անակնկալներ ու նվերներ»,- նշեց Հասմիկը։ Ի դեպ, ամուսինը՝ Շանթ Քիրմիզյանը, երգչուհուն շնորհավորել էր նաև համացանցում՝ տեղադրելով համատեղ լուսանկար և գրելով, թե այս տարի ևս մեկ երեխա պետք է ունենան։

Հասմիկ

Հասմիկից հետաքրքրվեցինք՝ երկրորդ անգամ մայրանալ պատրաստվո՞ւմ է։ «Երկրորդ բալիկ ունենալն ամուսնուս ցանկությունն է, բայց առայժմ որևէ կապ չունի իրականության հետ։ Ես չեմ կարող ասել, թե ինչպես կլինի, Աստված ինչպես կամենա, դա էլ կլինի, բայց, եթե անկեղծ, ես երկրորդ բալիկ ունենալու ցանկություն  չունեմ։ Տաթևս ինձ բավարար է»,- ծիծաղելով ասաց Հասմիկը։

Ինչ վերաբերում է գրառմանը կցված լուսանկարին, զույգի համար այն խորհրդանշական է, քանի որ իրենց առաջին համատեղ լուսանկարն է․«Հետաքրքիր պատմություն ունի, որովհետև այն արվել է 2013 թվայանի սեպտեմբերի 21-ին։ Դա այն օրն էր, երբ երկար ժամանակ տեսազանգով շփվելուց հետո նա եկել էր հայաստան, որպեսզի իրական կյանքում ծանոթանանք և շփվենք։ Լուսանկարն արել է մեր ընդհանուր ընկերներից մեկը՝ ԴերՀովան: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կադր է կարողացել ստանա։ Լավ հիշողություններով լուսանկար է»։

2-ամյա դուստրը՝ Տաթևը, ևս մայրիկին առավոտյան զարմացրել է իր տրամադրությամբ։ «Նա դեռ շատ փոքրիկ է գիտակցելու համար, որ այսօր իր մայրիկի տարեդարձն է, սակայն շատ զարմացա, երբ առավոտյան նկատեցի, որ լավ տրամադրությամբ է արթնացել՝ ժպտում է, յուրահատուկ ուրախ է: Հետաքրքիր է, բայց այսօր չի լացում, անգամ եթե մի բան դուր չի գալիս իրեն: Նա առանձնապես շփվող երեխա չէ, սովորաբար անծանոթներին չի ժպտում, սակայն այսօր բոլորի հետ բարի է։ Չեմ կարծում, որ մայրիկի տարեդարձի գիտակցումն է, երևի, ենթագիտակցորեն է զգում, որ մայրիկի օրն է»,- ասաց երգչուհին։

Չնայած տարեդարձը չնշելու սովորությանն ու այդ օրը չսիրելուն՝ երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ո՞րն է եղել իր ամետպավորիչ տարեդարձը։ «Ամենատպավորիչ տարեդարձներս նրանք են, որոնք տարբերվել են՝ նշել եմ առանց կենացների, սեղանների, կրկնվող վիճակների։ Մի տարի տարեդարձիս օրը Շվեյցարիայում էի և շատ տարբերվող ժամանց ունեցա՝ մի ամբողջ օր տրամադրեցի ինձ՝ զբոսնեցի ընկերներիս հետ, նոր վայրերում եղա, նոր զգացողություններ ունեցա, վերջում գնացինք այնտեղի ակումբներից մեկը։ Այսքան տարի անց ես հիշում եմ օրը որպես իմ ամենատպավորիչ տարեդարձ»,- եզրափակեց երգչուհին: