Եթե եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքի հետ միասին սահմանվեր չհարկվող շեմ, միաժամանակ ընդունվեր գույքահարկի նոր դրույքաչափերը, վստահ եմ համակարթ եկամտային հարկն ընդունելի կլիներ հանրության լայն շեեւրտերի կողմից: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Ցավոք սրտի, իշխանությունը չանսաց մեր հորդորներին եւ Հարկային օրենսգրքի փոփոխությունը ընդունվեց այն տեսքով, ինչ տեսքով գիտենք: Համահարթը հանրության որոշակի շերտերի դժգոհության առիթ դարձավ: Պետք է օր առաջ գույքահարկի փոփոխությունն արվի, նաեւ չհարկվող շեմ սահմանվի, որ մինչեւ 100 հազար դրամ ստացող քաղաքացիներին հնարավորություն տալ մինչեւ 50 հազար դրամը չհարկվող շեմ ունենան»,-ասաց Բագրատյանը:
Նա դրական գնահատեց, որ Հարկային օրենսգրքով սահմանվել է, որ մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները (միկրոբիզնես) ազատվում են բոլոր հարկերից. «Մենք մեր անհամաձայնությունը հայտնեցինք, որ դա վերաբերում է միայն մարզերին: Երեւանում մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողը հարկվելու է եւ դա անհավասարություն է ստեղծում: Այսինքն, ստացվում է, որ օրինակ Արգավանդում աշխատող տնտեսվարողը, որը Երեւանի տարածքում է, հարկվելու է, իսկ հարյուր մետր այն կողմ հաջորդ խանութում՝ չհարկվի: Սա անհավասար մրցակցային դաշտ կստեղծի»:
Ինչ վերաբերում է շահութահարկը 20 տոկոսից 18 դարձնելուն, Բագրատյանն ասաց, որ ԲՀԿ-ն առաջարկում էր որոշ ծախսեր հաշվեգրելու հնարավորություն տալ տնտեսվարողներին, որի արդյունքում շահութահարկը կարող էր փաստացի նվազել մինչեւ 15 տոկոսի. «Այսինքն այդ ծախսերը հաշվեգրելու արդյունքում կնվազի շահույթը, բնականաբար, կնվազի նաեւ շահութահարկը»:
ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ այս փոփոխությունները տնտեսական թռիչք չեն ապահովելու. «Այն, որ հանրության լայն շրջանակները սպասում են, որ կարող են ավելի մեծ թափով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ կարողանալ արձանագրել տնտեսական աճի երկնիշ թվեր, այս փոփոխություններով դա չի արձանագրվելու: Տնտեսվարողները բողոքում են անհարկի միջամտություններից, նաեւ բողոքում են հարկային մարմինների հետ դժվար աշխատանքից՝ նշելով, որ չեն կարողանում կապ հաստատել հարկային աշխատակիցների հետ: Ես ստուգել եմ, իսկապես այդպես է»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ հարկային ծառայություններում անբերեխիղճ աշխատակիցներ կան:
Բագրատյանը նշեց, որ ինքն անձամբ երեկ փորձել է կապվել տարբեր պաշտոնյաների հետ եւ արձանագրել, որ նրանք հեռախոսներին չեն պատասխանում:
0Comments