ԱԺ դռնփակ լսումների ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանն անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպման հրավիրել էին նաև ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին:
Նշենք, որ այդ պահանջով Ամանորից առաջ ծնողները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան:
«Ժողովուրդ» գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ստորացուցիչ պայմաններ է ստեղծել տուժած ծնողների համար:
«Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն: Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև` ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից»,– գրում է թերթը:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Նա հրավիրել է Երևանի քննչական վարչության պետ Հովհաննես Վարդանյանին, որը եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Վարդանյանը հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:
Ալեն Սիմոնյանը բղավել է ծնողների վրա՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, սակայն ծնողները բղավել են նաև նրա վրա:
Արդյունքում ծնողների մի մասը ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ ԱԺ օթյակ` չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու:
Ի դեպ, ծնողները դժգոհել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձևակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար:
Ծնողների հետ հանդիպումն ավարտվել է մեկ ամիս անց կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ։
0Comments